Ադրբեջանը դարձել է «Իսլամական ութնյակի» (D-8) անդամ, որտեղ ներառված են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան եւ Նիգերիան։ Այդ մասին, որպես կառույցը նախագահող երկրի ղեկավար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանին D-8 կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ։ Այս քայլը, անկասկած, կհարստացնի այսօրվա քննարկումները եւ նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում»,- հայտարարել է Ալ-Սիսին։
Եգիպտոսում ընթացող գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Իդայաթ օղլու Ասադովը։
«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի (1996-1997 թվականներին) նախաձեռնությամբ։ Եգիպտոսում անցկացվող գագաթնաժողովը 11-րդն է կազմակերպության պատմության մեջ եւ ունեցել է «Ներդրումներ երիտասարդության մեջ եւ աջակցել փոքր ու միջին բիզնեսին. ձեւավորելով ապագայի տնտեսությունը» կարգախոսը: Բացի անդամ երկրների ղեկավարներից՝ դրան մասնակցել են նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին եւ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթը։
Հատուկ փակ հանդիպման ժամանակ կողմերը նախատեսում են քննարկել Մերձավոր Արեւելքի վերջին իրադարձությունները՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաեւ իրավիճակը Լիբանանում եւ Սիրիայում։