Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքելու Ուկրաինայի ցանկացած օրինական իշխանության, նույնիսկ Վլադիմիր Զելենսկու կառավարության հետ, եթե այն լեգիտիմություն ստանա։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապով մամուլի ասուլիսի ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պայմաններ չունի բանակցություններ սկսելու համար, սակայն դրանք պետք է ընթանան այն համաձայնագրերի նախագծերի հիման վրա, որոնք պատրաստվել էին 2022 թվականին Ստամբուլում պատերազմի առաջին շաբաթներին։ Ըստ ՌԴ նախագահի՝ Ուկրաինան ունակ է գնալու խաղաղ կարգավորման ճանապարհով։
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան կարող է համաձայնագիր ստորագրել միայն օրինական իշխանությունների հետ, եւ պատրաստ է երկխոսության բոլորի հետ, ովքեր կգնան ընտրությունների եւ ձեռք կբերեն լեգիտիմություն։ «Իսկ լեգիտիմ են Ռադան եւ Ռադայի նախագահը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Մոսկվան Ուկրաինայի նախագահ Զելենսկուն այժմ որպես օրինական առաջնորդ չի ճանաչում, քանի որ, ըստ Պուտինի, Ուկրաինայի օրենսդրության մեջ չկա դրույթ, որը թույլ կտա չեղարկել նախագահական ընտրությունները ռազմական դրության ժամանակ։ Նշենք, որ հենց այս պատճառով 2024 թվականին Ուկրաինայում ընտրություններ չանցկացվեցին, որը բացատրվեց երկրի տարածքի մի մասի բռնազավթմամբ։