Երեւանն առաջարկում է, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ։
Այսպիսով՝ Հայաստանի վարչապետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնագրի 17 կետից համաձայնեցվել է 15-ը, իսկ չհամաձայնեցված կետերը վերաբերում են երրորդ երկրների ուժերը սահմաններին չտեղակայելուն եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից ձեռնպահ մնալուն։
«Տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք՝ նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաեւ ընդունելի է համարել միջազգային ատյաններից փոխադարձ հայցերը հետ վերցնելու տարբերակը։
«Երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի, եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը հետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
Մանրամասնելով միտքը՝ վարչապետը հավելել է, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: «Մենք պատրաստ ենք գնալու նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»,- ասել է Փաշինյանը։