Եվրախորհրդարանը նախօրեին ընդունած բանաձեւով դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները։
Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ 2023 թվականից ի վեր Ադրբեջանի իշխանությունները զբաղված են քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության, իրավապաշտպանների, ԼԳԲՏ+ համայնքի եւ անկախ լրատվամիջոցների համակարգային ճնշումներով, որոնք ակտիվացել են COP29-ի ժամանակ։ Դրանում ընդգծվում է, որ Ադրբեջանում կան ավելի քան 300 քաղբանտարկյալ եւ 23 հայ ռազմագերի, այդ թվում՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները։
Բանաձեւում նշվում է, որ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է ադրբեջանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները՝ ներառյալ խոսքի, միավորումների եւ խաղաղ հավաքների ազատությունը, ինչպես նաեւ քրեական արդարադատության համակարգի քաղաքական դրդապատճառներով չարաշահումները։
Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել այլախոհների նկատմամբ բռնաճնշումներն ու անվերապահորեն ազատել բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական եւ այլ ակտիվիստներին, որոնք հետապնդվում են շինծու, քաղաքական մեղադրանքներով։
Փաստաթղթում Ադրբեջանին կոչ է արվում վերացնել նաեւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն սահմանափակումները՝ համապատասխանեցնելով իր օրենքները ոչ կառավարական խմբերի եւ լրատվամիջոցների գրանցման եւ ֆինանսավորման մասին Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։
Եվրախորհրդարանը պնդում է, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության ցանկացած համաձայնագիր՝ ներառյալ էներգետիկ ոլորտում, պետք է խստորեն պայմանավորված լինի հիմնարար իրավունքների հարգմամբ եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ։ Բանաձեւը Եվրահանձնաժողովին կոչ է անում կասեցնել 2022 թվականի Ռազմավարական էներգետիկ գործընկերության փոխըմբռնման հուշագիրը:
Բանաձեւին կողմ է քվեարկել 434, դեմ՝ 30, իսկ քվեարկությանը չի մասնակցել 89 պատգամավոր։