Աթենքում դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները եւ 2025 թվականի անելիքները։
Հաղորդվում է, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների եւ չափորոշիչների ներդրման հարցեր։
«Լեւոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը եւ կարեւորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների եւ զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության եւ այլ ուղղություններով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կարեւորվել է նաեւ պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։