Հայաստանը եւ Թուրքիան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստում։ Նշենք, որ Միրզոյանը՝ որպես կառույցում նախագահող երկրի արտգործնախարար, նաեւ համարվում է ՍԾՏՀԿ գործող նախագահ։
Նշելով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջեւ հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիակատար հարգման վրա՝ կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները։
Ընդգծելով, որ Երեւանն ու Անկարան արդեն համաձայնեցրել են Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները՝ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմին էլ Հայաստանն առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ներդնել։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարեւորում է փոխվստահության ձեւավորումը եւ փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի: Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը եւ հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքներին, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի Հանրապետության, Ուկրաինայի) ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի հռչակագրով:
1999 թվականի մայիսի 1-ին իր կանոնադրության ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ (էլ. հղում՝ Charter of the Organization of the Black Sea Economic Cooperation) ՍԾՏՀ-ն ձեռք բերեց միջազգային իրավաբանական կարգավիճակ եւ ձեւափոխվեց տարածաշրջանային միջազգային կազմակերպության՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության: