Դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի եւ գերատեսչության չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Ըստ բրիտանական կառավարության՝ նրանք պատժամիջոցների են ենթարկվում, քանի որ պատասխանատու են լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների համար։ Պատժամիջոցների են ենթարկվել.
- Վախթանգ Գոմելաուրին — ՆԳ նախարար,
- Ալեքսանդր Դարախվելիձեն— ՆԳ նախարարի առաջին տեղակալ,
- Սուլխան Թամազաշվիլին — Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն,
- Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա») — Հատուկ առաջադրանքների վարչության պետ,
- Միլլերի Լագազաուրին — Հատուկ առաջադրանքների վարչության պետի տեղակալ:
Հայտարարության մեջ նշված է, որ պատժամիջոցները կիրառվում են «ԱՄՆ-ի հետ համաձայնեցված գործողություններով»։
Պատժամիջոցները, ըստ բրիտանական կառավարության, ներառում են Միացյալ Թագավորություն մեկնելու արգելքներ եւ անշարժ գույքի սառեցում. «Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցույցերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ այն բանից հետո, երբ հասարակությունը դիմադրեց «Վրացական երազանք»-ի որոշմանը՝ կասեցնել երկրի առաջընթացը դեպի եվրոպական ապագա»։
Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի 22-րդ օրն է: Ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնության են ենթարկել բազմաթիվ մարդկանց ե՛ւ ձերբակալության ժամանակ, ե՛ւ դրանից հետո։ Ծեծի են ենթարկել նաեւ լրագրողներին։
Նորայր Միսկարյան