Միջնորդները շարունակում են առաջընթաց գրանցել Գազայի հատվածում հրադադարի եւ Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, սակայն դա, հավանաբար, շաբաթներ կպահանջի: Այդ մասին The Times of Israel-ին տված հարցազրույցում ասել է արաբ դիվանագետը, որի անունը չի նշվում։
«Հետագիծը լավ է, բայց դեռ լուրջ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն, որին հաջորդելու են բարդ քաղաքական որոշումները, որոնք երկու կողմերն էլ պետք է կայացնեն»,- ասել է դիվանագետը։
Դեկտեմբերի 19-ին իսրայելական 12-րդ հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հաղորդել էր, որ վերջին օրերին Կատարում ընթացող բանակցությունները «արդյունավետ են եղել, սակայն որոշ բացեր են մնացել»: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ` առաջընթաց է գրանցվել ամենավիճահարույց հարցերի շուրջ տարաձայնությունները վերացնելու հարցում: «Մենք հաշտեցման վերջին փուլում ենք»,- ասել էր իսրայելցի պաշտոնյան՝ հավելելով, որ մոտ օրերս հայտնի կդառնա` գործարք կլինի, թե ոչ։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցություններում «զգալի առաջընթաց» գրանցելու մասին հայտնել էր նաեւ Jerusalem Post-ը։ Դա հաստատել էին երկու պաշտոնյաներ՝ հավելելով, որ գործարքը կարող է կայանալ մեկ ամսվա ընթացքում։
Նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատելու համար բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին, սական դրանք փակուղի մտան: Կողմերը չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ձեռք բերված պայմանավորվածության շարունակությանը, որի համաձայն` մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակվեցին 105 պատանդներ։ Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայի հատվածում են։