ԵՄ-ն որոշել է ակտիվացնել շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ, այդ թվում՝ հումանիտար ուղիներով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք որոշել ենք ակտիվացնել շփումները սիրիական նոր իշխանությունների եւ այնտեղ գտնվող բոլոր խաղացողների հետ։ Մեր դեսպանը վերադառնում է Դամասկոս, եւ մենք նաեւ մտադիր ենք օգտագործելու մեր հումանիտար շփումները, որոնք երբեք չեն ընդհատվել, թեեւ ԵՄ-ն միշտ հավատարիմ է մնացել «Ասադի կառավարության հետ ոչ մի կամ չունենալու» սկզբունքին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ֆոն դեր Լայենը նաեւ նշել է, որ ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն օգտագործելու հումանիտար օգնությունը Սիրիայի հետ հարաբերություններում՝ ներառյալ այն, որը հավաքագրվում է օգնության դոնորների միջազգային համաժողովների միջոցով:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն Սիրիային որպես օգնություն կփոխանցի 160 մլն եվրո։
Եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ Սիրիայի հարաբերությունները վատթարացել էին 2011 թվականից, երկրում սկիզբ առած հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներին ու բախումներին զուգահեռ Բրյուսելը նախագահ Բաշար ալ-Ասադին ժողովրդավարական բարեփոխումների կոչ էր անում, որի ֆոնին հայտարարեց պատժամիջոցների ներդրման ու դիվանագիտական կապերի խզման մասին։ Արդեն քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ԵՄ-ն միացավ ԱՄՆ-ի՝ Ասադի հրաժարականի պահանջին եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեղադրանքներին։
Նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։