Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները չեն կարող մենակ մնալ ահաբեկչության դեմ պայքարում, եւ այդ նպատակով արտգործնախարար Հաքան Ֆիդանը շուտով կարող է ժամանել Դամասկոս՝ քննարկելու այդ ոլորտում համատեղ աշխատանքը։ Այդ մասին Էրդողանը հայտնել է Կահիրեից վերադառնալիս՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան վճռական է տրամադրված երկրի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կառույցների գործունեությունը հարեւան Սիրիայի տարածքում կանխելու հարցում։ Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական են համարվում նաեւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունն» ու քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»։
«Թուրքիան ցույց կտա, որ եկել է Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելու ժամանակը։ Մենք դա կանենք մեր հարավային սահմաններին սպառնացող վտանգը կանխելու համար։ Ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ նրա ճյուղերի գործունեության ժամանակն ավարտվել է։ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դատապարտված են մենակ մնալու, նրանք ապագա չունեն, եւ այս ահաբեկչական կազմակերպության ճանապարհի վերջն արդեն երեւում է։ Անվտանգության մթնոլորտը, որը կստեղծվի Սիրիայում, թույլ չի տա ահաբեկիչներին անդամներ հավաքագրել»,- հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ «Իսլամական պետության» եւ իր հիշատակած քրդական կառույցների դեմ պայքարի համատեքստում օգնության կարիք ունի նաեւ Սիրիայի նոր կառավարությունը։
«Այս հարցում կանենք անհրաժեշտ ամեն ինչ։ Հուսով ենք, որ մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը շուտով կգնա այնտեղ, եւ նրանք համատեղ փոխգործակցություն կկառուցեն»,- հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին The Wall Street Journal-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկությանը, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։