ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է առաջիկա օրերին հայտարարելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին, որը կարող է լինել Կիեւին ուղղակի աջակցության Վաշինգտոնի վերջին քայլերից մեկը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները 1,2 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով (Ukraine Security Assistance Initiative, USAI), որի շրջանակում Պենտագոնը մատակարարումները կազմակերպում է զենքերի արտադրողների հետ կնքած պայմանագրերի հիման վրա, դրանք Կիեւին չի տրամադրի անմիջապես իր պահեստներից։ Սակայն USAI-ի շրջանակում զենքի մատակարարումը կարող է ամիսներ կամ տարիներ պահանջել:
Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության միջոցներ եւ հրետանային արկեր։
Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը հրաժարվել են մեկնաբանություններից:
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը կրկնապատկել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալներն ու արագությունը։ ԱՄՆ-ը դեռ ունի 5,6 միլիարդ դոլար, որը Կոնգրեսը հատկացրել է Ուկրաինային զենք եւ այլ ռազմական օգնություն մատակարարելու համար։ Պենտագոնը կարծում է, որ Բայդենի վարչակազմը ժամանակ չի ունենա տրամադրելու հաստատված ամբողջ օգնությունը, դեկտեմբերի 17-ին գրել էր The New York Times-ը։
Ուկրաինայի եւ դաշնակից որոշ երկրների պաշտոնյաներ դեկտեմբերի 20-ին Bloomberg-ին ասել են, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիեւին առանցքային ռազմական օգնության տրամադրման հետաձգման պատճառով Ուկրաինան կորցրել է պատերազմում հաղթելու իր հնարավորությունը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է արագ՝ 24 ժամվա ընթացքում, ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը 2025 թվականի հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո։ Թրամփի խորհրդականների ներկայացրած ծրագրերից մեկով անգամ ենթադրվում է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կզրկի ռազմական օգնությունից, եթե Կիեւը բանակցություններ չսկսի Ռուսաստանի հետ։ Դեկտեմբերի 8-ին NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Ուկրաինան «չի կարող» ստանալ ԱՄՆ-ից այնքան ռազմական օգնություն, որքան նախկինում:
2022 թվականի փետրվարին ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո ԱՄՆ-ը 175 միլիարդ դոլար է ուղարկել Կիեւին օգնելու համար, այդ թվում՝ մոտ 61,4 միլիարդ դոլար անվտանգության ոլորտում, գրում է Reuters-ը։