Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը դատապարտված է ոչնչացման։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։
«Իրանը տարածաշրջանում չունի սեփական պրոքսի ուժեր։ Եմենը, «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական Ջիհադը» պայքարում են իրենց հավատքի համար եւ մեզնից ոչ մի աջակցություն չեն ստանում: Եմենի, Իրաքի, Լիբանանի, Պաղեստինի եւ Սիրիայի քաջարի մարդիկ դիմակայում են սիոնիստական ռեժիմին։ Մենք նույնպես կշարունակենք պայքարը եւ կկործանենք այս ռեժիմը»,-հայտարարել է Խամենեին, որի խոսքերը մեջբերում է իր մամուլի ծառայությունը։
Իրանական, այսպես կոչված, «Դիմադրության առանցքը» իր գլխավոր նպատակն է համարում իսրայելական օկուպացիայից Պաղեստինի ազատագրումը։ Դիմադրության առանցքը ներառում է «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական Ջիհադը», Իրաքի իսլամական դիմադրությունը եւ Եմենի հութի ապստամբական «Անսար Ալլահը»: Մինչեւ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը Դամասկոսը նույնպես աջակցում էր «Դիմադրության առանցքին»: