Զինված խմբավորումների գործունեությունը խոչընդոտում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների եւ մարդասիրական կազմակերպությունների աղբյուրներից ստացած տեղեկությունը։
Նրանց տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբերը լրացրել են Գազայում ձեւավորված իշխանության վակուումը, որն առաջացել էր Իսրայելի դեմ պատերազմի հետեւանքով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերի թուլացումից հետո։ Այս ֆոնին Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների թալանման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Մարդասիրական օգնությունը տեղափոխաող բեռնատարներից մեկի վարորդը պարբերականին պատմել է, որ նոյեմբերին Գազայի հատվածի հարավում հանդիպել է զինված ավազակների խմբի, որոնք տարել են «հազարավոր ֆունտ» ալյուր։ Հաջորդ օրը հանցագործները զավթել են նաեւ ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը տեղափոխող հարյուրավոր բեռնատարների գրեթե ամբողջ սնունդը։
NYT-ի փոխանցմամբ՝ ավազակախմբերը գողացված ապրանքները հետագայում վաճառում են «աստղաբաշխական գներով»: Այսպիսով՝ Գազայի հարավում 55 ֆունտ (24,9 կգ) պարկ ալյուրի գինը հասել է 220 դոլարի, մինչդեռ հյուսիսային շրջաններում, որտեղ հանցագործները ավելի քիչ ակտիվություն ունեն, նույն քանակությամբ ալյուրը կարող է արժենալ մոտ 10 դոլար։
Ռաֆահում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գեորգիոս Պետրոպուլոսի խոսքով՝ հանցավոր խմբերի կողմից հումանիտար օգնության բռնագրավումը հասել է «համակարգած զինված թալանի» եւ «լայնածավալ կողոպուտի» մակարդակի։
Պարբերականը նշում է, որ այս ամենի ֆոնին մարդասիրական կազմակերպությունները հրաժարվում են Գազա սնունդ մատակարարելուց՝ վախենալով զինված հարձակումներից։ Դեկտեմբերի սկզբին Պաղեստինի փախստականների եւ աշխատանքի հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA) հայտարարեց, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումը Քերեմ Շալոմ անցակետով «օրենքի խախտումների պատճառով»։ Մասամբ այս պատճառով է, որ անցակետում կուտակվում են «հարյուրավոր բեռնատարներ»՝ Գազայի բնակիչների համար նախատեսված սննդով։
Բացի այդ՝ կողոպտիչների կողմից վաճառվող ապրանքների գների աճը հանգեցնում է անկարգությունների Գազայի բնակչության շրջանում, որը բախվում է սննդի խիստ պակասի։ Նոյեմբերի վերջին շրջանի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքում անկարգություններ տեղի ունեցան, որտեղ բնակիչները հավաքվել էին հացի փռի մոտ «1 դոլարով 20 կտոր հացի փաթեթ գնելու ակնկալիքով»: Բախումները սկսվել էին, երբ այդ ժամանակ հերթի մեջ մի քանի զինված մարդիկ հրմշտոց էին սկսել առաջ շարժվելու նպատակով։ Միջադեպի հետեւանքով զոհվել էր երկու մարդ, ինչի պատճառով Գազայի հարավային եւ կենտրոնական հատվածներում ՄԱԿ-ի աջակցությամբ բացված փռերը փակվեցին։
Հումանիտար աշխատողների շրջանում պարբերականի աղբյուրները կարծում են, որ Իսրայելն իրականում «աչք է փակում» իր բանակի վերահսկողության տակ եղած շրջաններում գործող ավազակախմբերի գործունեության վրա։
«Իսրայելական բանակը շարունակում է հանդուրժել անթույլատրելի թվով թալանի դեպքեր այն տարածքներում, որոնք ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ փաստացի իր վերահսկողության տակ են»,- ասել է Պետրոպուլոսը:
Պարբերականը նաեւ ընդգծում է, որ Իսրայելի իխանությունները քննարկում են մասնավոր պահնորդական ընկերություններին հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարներին ուղեկցելու թույլտվություն տալու հարցը։ Գազա օգնություն հասցնելու համար պատասխանատու իսրայելական ուժերի ստորաբաժանման խոսնակ Շանի Սասոնն իր հերթին ասել է, որ հրեական պետության զորքերը պայքարում են կողոպտիչների դեմ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ դրանց ունեցած կապից։