Յուրաքանչյուր երկրի տնտեսության մրցունակության բարձրացման, կապիտալի համահարթ բաշխման, ներառականության եւ կայուն զարգացման ապահովման կարեւորագույն գործոններից մեկը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է։ Որքանով երկրի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացած է, այնքան տվյալ երկրի տնտեսությունն ունենում է ավելի բարձր դիմադրողականություն, ավելի կայուն հիմքեր, զարգացման ավելի մեծ ներուժ։ Կապիտալն էլ առավել համահարթ է բաշխվում։ Պետության համար, բացի տնտեսական արդյունքներից, զարգացած ՓՄՁ համակարգ ունենալը նաեւ սոցիալական կարեւոր խնդիրներ է լուծում. միջին խավ է ձեւավորվում, որը կարողանում է հոգալ իր կարիքները, զգալի տնտեսական ու սոցիալ-տնտեսական բարիք է ստեղծում եւ ապահով ու բարեկեցիկ հասարակություն պահելու հարցում մեծապես թեթեւացնում պետության բեռը։
Հայաստանում ՓՄՁ դերի կարեւորության, զարգացման անհրաժեշտության, ռազմավարական նշանակության մասին խոսվել է անընդհատ ու մշտապես։ Ու հարկ է նայել, թե ինչ ունենք այս հարթությունում։ Նախ՝ հասկանանք, թե որոնք են ՓՄՁ-ները․ ՓՄՁ սուբյեկտները վարչական նպատակներով դասակարգվում են գերփոքր, փոքր, միջին ու խոշոր ձեռնարկությունների։ Գերփոքր են համարվում 0-9 աշխատակից ունեցող, նախորդ տարվա գործունեությունից 100 միլիոն դրամից պակաս հասույթ ստացած եւ գործունեության նախորդ տարվա տարեվերջին 100 միլիոն ՀՀ դրամից պակաս ակտիվների հաշվեկշռային արժեք ունեցող սուբյեկտները։
Փոքր եւ միջին ձեռնարկությունները, համապատասխանաբար 10-49 աշխատակից ունեցող, նախորդ տարվա գործունեությունից 500 միլիոն դրամից պակաս հասույթ ստացած, 500 միլիոն ՀՀ դրամից պակաս ակտիվների հաշվեկշռային արժեք ունեցող եւ 50-249 աշխատակից, նախորդ տարվա գործունեությունից 1,5 միլիարդ դրամից պակաս հասույթ եւ 1,5 միլիարդ դրամից պակաս ակտիվների հաշվեկշռային արժեք ունեցող ձեռնարկություններն են։
Ավելի աշխատակից, հասույթ եւ ակտիվների հաշվեկշռային մնացորդ ունեցող սուբյեկտները, հետեւաբար, համարվում են խոշոր ձեռնարկություններ։
Ի՞նչ ունենք Հայաստանում այս ոլորտում։ Նախ նշենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակումներից մեկում ներկայացվում է ՓՄՁ-ների 2024 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշերը, բայց դրանք ընթացիկ են, եւ ՓՄՁ սեկտորն ավելի լավ ու մանրամասն հասկանալու համար վիճակագրական կոմիտեի բոլորովին վերջերս արած մեկ այլ՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում 2024» հրապարակումը թեեւ ամփոփում է նախորդ՝ 2023 թվականը, բայց ավելի հանգամանալից տվյալներ է ներկայացնում։ Ուստի կօգտվենք այդ ցուցանիշերից։ Այս հրապարակման համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանում տնտեսական գործունեություն է իրականացրել 109 հազար 592 տնտեսվարող, որից 161-ը՝ խոշոր, իսկ մնացած 109 հազար 431-ը՝ փոքր ու միջին։ Ընդ որում՝ 103 հազար 773-ը եղել են գերփոքր, 4 հազար 841-ը՝ փոքր, եւ 817-ը՝ միջին։
Ուշագրավ է, որ 2023 թվականի ընթացքում Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների ծավալը՝ շրջանառությունը, կազմել է 13 տրիլիոն 172 միլիարդ 525 միլիոն դրամ, որից գերփոքրինը՝ 4 տրիլիոն 551 միլիարդ 705,6 միլիոն, փոքրինը՝ 2 տրիլիոն 306 միլիարդ 264,5 միլիոն, միջինը՝ 2 տրիլիոն 846 միլիարդ 977 միլիոն, եւ խոշորը՝ 3 տրիլիոն 467 միլիարդ 577,9 միլիոն դրամ։ Իսկ ստեղծված համախառն ավելացված արժեքը՝ հիմնական գներով, ընդհանուր կազմել է 4 տրիլիոն 226 միլիարդ 82,5 միլիոն ՀՀ դրամ, որից միայն 1 տրիլիոն 241 միլիարդ 22,5 միլիոն դրամի ավելացված արժեքը կամ ընդհանուրի 29,4 տոկոսն է ստեղծվել խոշոր ձեռնարկություններում, եւ այստեղ էլ առյուծի բաժինը հասնում է հենց ՓՄՁ-ին։ Այսինքն՝ անգամ անզեն աչքով պարզ է դառնում ՓՄՁ-ի դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսության համար։
Հայաստանում միջին դաս, փոքր ու միջին բիզնեսի, ձեռնարկատիրության ներկայացուցիչ լինելը գնալով դառնում է ոչ շահավետ, ոչ գրավիչ, նույնիսկ՝ խնդրահարույց ու սթրեսային։ Մի կողմից՝ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե պետք է նպաստավոր միջավայր ու պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ հարստանան ու հարստացնեն պետությանը, միեւնույն ժամանակ ներդրվում են խաղի այնպիսի նոր կանոններ, որոնք էականորեն նվազեցնում են բիզնեսով զբաղվելու, տնտեսական գործունեություն ծավալելու գրավչությունը։
Պաշտոնական տվյալներից երեւում է, որ այս ոլորտում հսկայական աշխատանք ու ջանքեր կան գործադրելու։ Մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կայքէջում կարող ենք գտնել տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ-ի միջին խտությունը ցածր է եւ կազմում է 23.1: ՓՄՁ-ների կեսից ավելին գործունեություն է ծավալում Երեւանում, որտեղ ՓՄՁ-ների խտությունը 1000 բնակչի հաշվով 33 է, իսկ մարզերում նույն ցուցանիշը զգալիորեն ցածր է:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը 9.8 է։ Համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի՝ բարձր-միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասնում է 30-ի։ Այժմ ՀՀ ցուցանիշը համապատասխանում է ցածր-միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշին։ Ու որպեսզի ցուցանիշերը բարելավվեն, գործնական դաշտում պետք է խթանող քաղաքականություն վարվի։
Իսկ ի՞նչ է արվում Հայաստանում: Գնալով ավելի անտանելի պայմաններ են ստեղծվում փոքր ու միջին բիզնեսի, տնտեսվարողների համար։ Օրինակ՝ հաջորդ տարվանից փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը էականորեն, որոշ դեպքերում՝ կրկնակի կծանրանա, կփոխվեն հարկային ռեժիմները, վարչարարությունը գնալով դառնում է անտանելի, ընդհանուր բիզնես մթնոլորտը, ենթակառուցվածքները էական զարգացում չեն ապրում, բիզնեսն ու գործարարը հաճախ մնում են մենակ իրենց խնդիրների ու մարտահրավերների դեմ հանդիման՝ առանց պետության գործուն օժանդակության եւ աջակցության։ Իսկ թե ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այս բոլոր «նորարարությունները», դժվար չէ պատկերացնել․ ՓՄՁ ներկայացուցիչներից, հատկապես փոքրերից ու գերփոքրերից շատերը պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ արդեն նման գործունեությամբ զբաղվելը գրավիչ չի լինի։ Ի դեպ, դրա մասին են վկայում նաեւ պաշտոնական թվերը։ Մասնավորապես 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում նոր ստեղծված տնտեսվարողների քանակը կազմել է 17 700, որից գերփոքր՝ 17 հազար 596, 10-19 աշխատակից ունեցող՝ 70, եւ 20-ից ավելի աշխատակից ունեցող՝ 34 սուբյեկտներ։
Սրան զուգահեռ՝ գործունեությունը դադարեցրած/լուծարված (այլ կերպ ասած՝ մահացած) տնտեսվարողների քանակը կազմել է 13 հազար 761, որից գերփոքր՝ 13 հազար 686, 10-19 աշխատակից ունեցող՝ 53 եւ 20 եւ ավելի աշխատակից ունեցող՝ 22 սուբյեկտներ։ Ամենից շատ տնտեսվարողներ լուծարվել են մեծածախ եւ մանրածախ առեւտրի ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում խմբում՝ 8046, մշակող արդյունաբերության ճյուղում՝ 1790, կացության եւ հանրային սննդի կազմակերպման սեգմենտում՝ 1048 տնտեսվարողներ եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց առավել ուշագրավ են մեկ, երկու կամ երեք տարի գոյատեւող տնտեսվարողների թվերը։ 2023 թվականի տվյալներով՝ մեկ տարի գոյատեւող տնտեսվարողների քանակը կազմել է 18 հազար 547, որից գերփոքր՝ 18 հազար 74, 10-19 աշխատակից ունեցող՝ 280 եւ 20 եւ ավելի աշխատակից ունեցող՝ 193 սուբյեկտներ։
Երկու տարի գոյատեւող տնտեսվարողների քանակը կազմել է 9 հազար 435, որից գերփոքր՝ 9 հազար 79, 10-19 աշխատակից ունեցող՝ 220 եւ 20-ից ավելի աշխատակից ունեցող՝ 136 տնտեսվարողներ։
3 տարի գոյատեւող տնտեսվարողների քանակն էլ կազմել է 7 հազար 459, որից գերփոքր՝ 7 հազար 99, 10-19 աշխատակից ունեցող՝ 210, 20 եւ ավելի աշխատակից ունեցող 150 տնտեսվարողներն են եղել։
Իսկ յուրաքանչոյւր փակված ձեռնարկություն ենթադրում է գործազուրկներ, պետության չստացված եկամուտներ, ընդհանուր տնտեսական մթնոլորտի վրա բացասական ազդեցություն, հասարակության մեջ՝ անվստահության արմատացում, բարեկեցության մակարդակի անկում եւ այլն։ Ուստի դատելով անգամ պաշտոնական թվերից եւ դրան համադրելով վարվող քաղաքականությունը, իրականացվող, կամ ավելի ճիշտ՝ հայտարարվող, բայց այդպես էլ իրական գետնի վրա որեւէ արդյունք չունեցող ծրագրերից՝ մտահոգվելու լուրջ առիթ ենք ունենում մեր երկրի ՓՄՁ ոլորտի զարգացման մշուշոտ հեռանկարի վերաբերյալ։
Գեւորգ Ավչյան