Հայաստանում թմրամիջոցներ օգտագործող անձանց, այդ թվում՝ դեռահասների թիվը տարեցտարի ավելանում է։ Թմրանյութեր օգտագործող անչափահասները սովորաբար մեկուսանում են, դառնում բռնկուն, հաճախակի ստում, բիբերը լայնանում են, աչքերը՝ կարմրում, նկատվում է ախորժակի անկում։ Այս ազդակների դեպքում դեռահասների ծնողները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Այս կամ այն թմրամիջոցի առավել վտանգավորությունը պայմանավորված է դրա՝ կախվածություն առաջացնելու չափով: Այդ առումով առավել վտանգավոր են հոգեխթանիչները եւ ափիոնատիպ նյութերը, որոնց նույնիսկ մեկանգամյա գործածումից ձեւավորվում է կախվածության համախտանիշ: Այս խմբերի թմրամիջոցների օգտագործման դեպքում հնարավոր է նաեւ գերդոզավորում՝ հավանական մահվան ելքով։ Արյան միջոցով տարածվող հիվանդությունների (վիրուսային հեպատիտներ B, C, նաեւ ՄԻԱՎ) առումով առավել վտանգավոր են ներարկումային եղանակով գործածվող թմրամիջոցները:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ հատկապես դպրոցահասակների շրջանում թմրաշրջանառությունը կանխելու նպատակով հարկ է հանրակրթական դպրոցներում ավելի հանգամանալից ուսումնասիրել թմրանյութերի կործանարար ազդեցությունը, որպեսզի երեխաները հնարավորինս հեռու մնան թմրանյութերից։
Նազինյանի համոզմամբ՝ դպրոցահասակների շրջանում թմրանյութերի վնասակարության վերաբերյալ կրթական նոր մոտեցումներ պետք է ներդրվեն՝ միջազգային ստանդարտներին համաձայն։
2024 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ դպրոցների բարձր դասարաններում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում եւ բուհերում սովորողների շրջանում թմրամիջոցների գործածումից առաջացող վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ են անցկացվել։ Նախարարությունն այս ծրագիրն իրականացրել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի եւ ՀԿ-ների համագործակցությամբ։
Վիճակագրություն
Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի աճում է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը: Մասնավորապես ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝
2018 թվականին գրանցվել է 877,
2019-ին՝ 1088,
2020-ին՝ 1226,
2021-ին՝ 1544,
2022-ին՝ 2266,
2023-ին՝ 5070,
2024-ի առաջին վեց ամիսներին՝ 1800 դեպք:
2018 թվականից մինչեւ 2022 թվականը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցանքների թվի շուրջ 158%, իսկ 2022 թվականից մինչեւ 2023 թվականի ավարտը՝ 123,7% աճ։
Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալների՝ 2023 թվականին եւս աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների դեպքերի թիվը (2022 թվականին՝ 2266, 2023 թվականին՝ 5070 կամ 123.7% աճ)։ Ընդ որում՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականին աճել են 1771-ով կամ 171.8%-ով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի համեմատ։
Գրանցվել է նաեւ թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների դեպքերի թվի որոշակի աճ։ 2021 թվականին արձանագրվել է նման 298, 2022 թվականին՝ 363, 2023 թվականին՝ 387 դեպք: Ըստ այդմ՝ 2021 թվականից մինչեւ 2023 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 29.8 տոկոս (89 դեպք):
Թմրամիջոցները հիմնականում Հայաստան են ներմուծվում Իրանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Իսպանիայից։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է 7772 անձ։ Նրանից 7-ը 16-17 տարեկան են, 13-ը՝ 18 տարեկան, 180-ը՝ կին։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կենտրոնում հաշվառված էր 175 կին։
Թմրաշրջանառության մեղադրանքով 2022-ին քրեական պատասխանատվության է ենթարկվել 760 (33-ը կին, 6-ը՝ անչափահաս), 2023-ին՝ 1244 (46-ը կին, 10-ը՝ անչափահաս) անձ։ Պետք է շեշտել, որ կենտրոնում գրանցվածների թիվը, բնականաբար, ամբողջապես չի արտացոլում վիճակագրությունը։
ՄԱԿ-ի՝ 2023 թվականի հունիսին հրապարակած տվյալներով՝ թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականի տվյալներով՝ 13,2 մլն անձ թմրանյութ է օգտագործում ներերակային ճանապարհով։ Թմրամիջոցների օգտագործման հետեւանքով առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը հասել է 39,5 միլիոնի (45 տոկոսով ավելի, քան 10 տարի առաջ)։
ՄԱԿ-ի 2023 թվականին հրապարակած «Թմրանյութերի վերաբերյալ համաշխարհային զեկույցի» համաձայն՝ 2021 թվականին աշխարհի յուրաքանչյուր 17-րդ բնակիչը թմրանյութ է օգտագործել, իսկ այս ցուցանիշը 23 տոկոսով ավելի է նախորդ տասը տարվա համեմատ։ Ըստ այս զեկույցի՝ թմրանյութ օգտագործողների թիվը 2011 թվականին եղել է 240 միլիոն, իսկ տասը տարի անց՝ 2021 թվականին՝ 296 միլիոն։
Աճը կազմել է 23 տոկոս, որը մասամբ պայմանավորված է բնակչության աճով։
Ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված Հայաստանում, թմրանյութերից կախվածության բուժման ի՞նչ մեթոդներ կան
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը վստահեցնում է՝ կենտրոնում կիրառվող բուժման մեթոդներն ունեն ապացուցողական հենք եւ արդյունավետ են։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոն հիմնականում դիմում են հոգեխթանիչներից (մետամֆետամին, ամֆետամին), կաննաբինոիդներից (մարիխուանա, հաշիշ), ափիոնատիպ նյութերից (ափիոն, հերոին, բուպրենորֆին) կախվածություն ունեցողները։
Հոգեխթանիչները սինթետիկ թմրամիջոցներ են, կաննաբինոիդները՝ բնական, իսկ ափիոնի խմբի թմրամիջոցները լինում են թե՛ բնական, թե՛ սինթետիկ, թե՛ կիսասինթետիկ:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ափիոնատիպ նյութերից (օրինակ՝ մորֆին, հերոին, ֆենտանիլ, տրամադոլ, մեթադոն) կախվածության դեպքում իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժում, այլ կախվածությունների դեպքում՝ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային պայմաններում ապաթունավորում (դետոքսիֆիկացիոն բուժում)՝ սոցիալ-հոգեբանական աջակցությամբ:
Թմրամիջոցներից կախվածության բուժման շնորհիվ բուժառուն ոչ թե առողջանում է, այլ ունենում է ախտադադար (ռեմիսիա)։ Դա այն ժամանակահատվածն է, երբ նա թմրամիջոց չի գործածում: Ախտադադարի տեւողությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով՝ բուժառուի մոտիվացիա, պահպանողական բուժում, սոցիալ-հոգեբանական ռեաբիլիտացիա եւ այլն։
Կախվածությունների կենտրոնում բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է։ Բուժումը կարող է իրականացվել ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում՝ կախված ախտաբանությունից։ Գրանցվածների մեծ մասը կախվածություն ունի մարիխուանայից եւ ափիոնատիպ թմրանյութերից։ Անչափահասների շրջանում եւս կան մարիխուանա գործածողներ։
Նազինյանը հիշեցնում է՝ ոմանք կարծում են՝ մարիխուանան բնական է, խոտ է, վտանգավոր չէ, սակայն նրանք չարաչար սխալվում են։ Մարիխուանան անվնաս չէ, ավելին՝ վտանգները շատ են։ Թմրանյութի՝ բույսից ստացված լինելն ամենեւին չի վկայում դրանից բխող վտանգների քիչ լինելու կամ դրանց բացակայության մասին։ Կակաչը եւս բույս է, բայց դրանից ստանում են հերոին կամ մորֆին։
Մարիխուանայի մեջ կա հոգեներգործուն եւ կախվածություն առաջացնող նյութ՝ տետրահիդրոկաննաբինոլ, որը հոգեակտիվ միացություն է։ ՄԱԿ-ի 1961 թվականին ընդունած կոնվենցիայի համաձայն՝ այն համարվում է թմրամիջոց, որն ունի կախվածություն առաջացնելու ներուժ։ Մարիխուանան, ինչպես մորֆինը կամ մնացած թմրամիջոցները, ներառված է թմրանյութերի այնպիսի ցանկերում, որոնց նկատմամբ իրականացվում է միջազգային վերահսկողություն։
Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը տեղեկացրել է՝ 2023 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում փոխարինող բուժում է ստանում ափիոնի խմբի թմրամիջոցներից կախվածություն ունեցող 609 բուժառու: 2020 թվականին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառված է եղել 6, 2021 թվականին՝ 4, 2022 թվականին՝ 6, 2023 թվականին՝ 7 անչափահաս:
Մասնագետների կարծիքով այդ թվերը չեն արտացոլում իրական պատկերը: Իրականում թմրամիջոցներ օգտագործողներն ավելի շատ են։ Անչափահասների կողմից գործածվող հիմնական թմրամիջոցները պատկանում են կաննաբինոիդների (կանեփի) խմբին: Անչափահասներն օգտագործում են ինչպես բնական, այնպես էլ արհեստական (սփայս) թմրանյութեր: Անչափահասների կողմից հաճախ գործածվող թմրամիջոցներից են նաեւ մեր օրերում տարածված սինթետիկ խթանիչները՝ մետամֆետամին, ամֆետամին եւ այլն:
«Թմրանյութերի ազդեցության թիրախները եւ տեսակները երեխաների կամ անչափահասների օրգանիզմի վրա սկզբունքորեն չեն տարբերվում մեծահասակների օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունից, սակայն միանշանակ տարբերվում են վնասակարության աստիճանով, ինչը պայմանավորված է դեռահասների օրգանիզմի բոլոր կարեւորագույն համակարգերի դեռեւս ձեւավորման, կայացման փուլում գտնվելու փաստով: Այսինքն՝ չձեւավորված նյարդային համակարգի, հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա թմրանյութի մեկանգամյա գործածումն անգամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն»,- մանրամասնում է Սուրեն Նազինյանը։
Պետության պարքարը թմրաշրջանառության դեմ
Կառավարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնել։ Թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի համաձայն՝ այս մեխանիզմի միջոցով հնարավոր կլինի պարբերական ստուգումներ անցկացնել եւ անչափահասների շրջանում առավել վաղ փուլերում հայտնաբերել նման դեպքերը։
Այս նախագծով առաջարկվում է սահմանել զորակոչիկների, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների, զինծառայողների կողմից թմրամիջոցների գործածումը կանխարգելելու մեխանիզմներ՝ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային չափանիշերին համապատասխան։
2023 եւ 2024 թվականները ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ։
2024 թվականի հունվարի 15-ին այն ժամանակ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն են մշակում, որում ընդգրկված կլինեն դպրոցները եւ բուհական համակարգը։ Նա նշեց, որ ոստիկանները կրթօջախներից մեկում 13 կգ թմրանյութ են հայտնաբերել (կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ)։ Կվերազինվի տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգը։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում տեսախցիկներ կտեղադրվեն դպրոցներում եւ մերձակա տարածքներում:
«Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաեւ աշակերտներին»,- ընդգծել էր Վահե Ղազարյանը։
Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ակտիվանում է թմրաշրջանառությունը․ սոցիալական ցանցերում, հատկապես Տելեգրամում, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է կազմակերպվում։ Կրիպտոարժույթը նույնպես ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, իսկ դա խոչընդոտ է իրավապահ մարմինների աշխատանքի համար։ Հանցագործության այս տեսակը կանխելու, հանցավորության աճը նվազեցնելու նկատակով 2022 թվականին ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը, որը համալրվեց օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող իրավապահներով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով։
ՀՀ ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, նշում է՝ մշտապես աշխատանքներ են իրականացվում անչափահասների շրջանում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելման, ինչպես նաեւ թմրամոլության եւ դրա հասցրած վնասների մասին անչափահասների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացվում են մի շարք միջոցառումներ, զրույց-հանդիպումներ, դասընթացներ ինչպես անչափահասների, այնպես էլ նրանց ծնողների եւ մանկավարժական կոլեկտիվի հետ, իսկ թիրախային ուսումնական հաստատություններում կատարվում են ստուգողական այցեր։
«Անչափահասին թմրանյութեր վաճառելու (կամ տալու) մեղադրանքով անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել նման հաշվառումներ չլինելու պատճառով, սակայն 2020 եւ 2022 թվականներին ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի իրացնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ եւ գործող քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ) փաստով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, եւ գործերն ուղարկվել են դատարան, իսկ 2021 թվականին նշված մեղադրանքով որեւէ անձ քրեական հետապնդման չի ենթարկվել»,- մանրամասնում է Նարեկ Սարգսյանը։
Երբեմն նույնիսկ կրթական հաստատությունների մոտ կարելի է նկատել, որ թմրանյութեր վաճառողները գովազդներ են փակցրել կամ հատուկ ներկերով ներկել պատերը՝ գրելով տելեգրամյան ալիքների հղումներ, որտեղից կարելի է թմրանյութեր ձեռք բերել։
Նարեկ Սարգսյանը վստահեցնում է՝ ոստիկանությունը հետեւողական է նման դեպքերը բացառելու եւ յուրաքանչյուր փակցված գովազդ, նկար հայտնաբերելու դեպքում դրանք արագ հեռացնելու հարցում։
Թմրաշրջանառության դեմ պայքարը կրթական հաստատություններում
Դպրոցահասակ երեխաներին թմրամիջոցներից զերծ պահելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համագործակցում է ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N1671-Լ որոշմամբ հաստատված «Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի տարեկան ծրագրի» շրջանակում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, տեղեկացնում է՝ թմրամիջոցներ օգտագործող սովորողների վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վիճակագրություն չունի։
«2008-2009 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցների 8-9-րդ դասարաններում, իսկ 2010-2011 ուսումնական տարվանից նաեւ 10-11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որտեղ ընդգրկված են նյութեր առողջ ապրելակերպի` ներառյալ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման ու չարաշահման վտանգավորության, թմրամիջոցների օգտագործման վնասների մասին»,- նշում է Ալֆրեդ Քոչարյանը։
Փոխնախարարը հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը՝ նոր խմբագրությամբ։ Դրանով նախարարությունը ստանձնել է հանձնառություն «Առողջ ապրելակերպ»-ը հանրակրթության կարեւոր բաղադրիչ դարձնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը ընդգրկված է 5-11-րդ դասարանների առարկայացանկում։
««Առողջ ապրելակերպ» խմբակի չափորոշիչը եւ ուսումնական ծրագիրը եւ 5-11-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկները մշակվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ), Պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ։ Ձեռնարկներում ընդգրկված են անչափահասների շրջանում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, թմրամոլության եւ դրա հասցրած վնասների, թմրամոլության կանխարգելման վերաբերյալ դասաժամեր»,- եզրափակում է կրթության փոխնախարարը:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։