ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի, կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հսկիչ կետերի հերթափոխի համատեղ վարժանքներ են անցկացվել դեկտեմբերի 20-ին։
ՀԱՊԿ-ի կայքէջում տարածված հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը, Բելառուսի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների կառավարման կետերը, Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ազգային կառավարման կենտրոնն ու Ղրղզստանի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչությունը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունների օպերատիվ հերթապահությունը։
Նշվում է, որ անդամ երկրները վարժանքների «ընթացքում մշակել են դիվերսիաների, ահաբեկչական գործողությունների եւ արտակարգ իրավիճակների բացահայտմանն ուղղված քայլերը»։
Հայաստանը վարժանքներին չի մասնակցել։
Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։