Ճապոնական խոշոր ավտոմոբիլային ընկերությունները՝ Honda-ն եւ Nissan-ը, դեկտեմբերի 23-ին հայտարարել են, որ սկսել են միավորման շուրջ բանակցությունները:
Nissan-ի կայքում տեղադրված հայտարարության համաձայն` կողմերը «ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ քննարկումներ սկսելու եւ համատեղ հոլդինգ ստեղծելու միջոցով երկու ընկերությունների բիզնեսների ինտեգրման հնարավորությունը ուսումնասիրելու համար»:
Honda-ն եւ Nissan-ը նաեւ առանձին հուշագիր են ստորագրել մեկ այլ ճապոնական արտադրողի՝ Mitsubishi Motors-ի հետ՝ քննարկելու այս ընկերության խմբին միանալու հնարավորությունը: Nissan-ը Mitsubishi-ի հիմնական բաժնետերն է։
«Չինական ավտոարտադրողների և նոր խաղացողների հայտնվելը մեծապես փոխեց ավտոարդյունաբերությունը: Մենք պետք է հզորություն ստեղծենք դրանց դեմ պայքարելու համար մինչև 2030 թվականը, հակառակ դեպքում մենք կպարտվենք»,- ասել է Honda-ի գործադիր տնօրեն Տոշիհիրո Միբեն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։
Ըստ Honda-ի եւ Nissan-ի ներկայացուցիչների, եթե ինտեգրումը տեղի ունենա, հոլդինգի ընդհանուր վաճառքը կհասնի 30 տրլն իենի (191 միլիարդ դոլար), իսկ շահույթը կգերազանցի երեք տրիլիոն իենը (19 միլիարդ դոլար):
Կողմերը մտադիր են ավարտելու բանակցությունները մինչև 2025 թվականի հունիսը եւ ստեղծելու հոլդինգային ընկերություն մինչև 2026 թվականի օգոստոսը։ Սպասվում է, որ միավորված ընկերության տնօրենների խորհրդի տեղերի մեծ մասը կզբաղեցնեն Honda-ի ներկայացուցիչները։
Reuters-ին իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Renault-ը՝ Nissan-ի խոշորագույն բաժնետերը, բաց է գործարքի համար եւ կուսումնասիրի ինտեգրման բոլոր հետեւանքները:
Հնարավոր միավորման մասին լուրերի ֆոնին Honda-ի բաժնետոմսերն աճել են 3,8%-ով, Nissan-ը՝ 1,6%-ով, իսկ Mitsubishi Motors-ը՝ 5,3%-ով:
Միավորման դեպքում Honda-ի եւ Nissan-ի նոր հոլդինգը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն ավտոարտադրողը ճապոնական Toyota-ից եւ գերմանական Volkswagen-ից հետո: