Աշխատանքային այցով Բելգրադում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին երկուշաբթի ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Սերբիայի նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ «բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձվել տնտեսական, ռազմարդյունաբերական համագործակցությանը եւ EXPO 2027-ին (Բելգրադում կայանալիք) Ադրբեջանի մասնակցությանը։ Մեծ նշանակություն ունեն Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայանի համատեղ կառուցման ծրագրերը, որը լրացուցիչ էլեկտրաէներգիա կտրամադրի մեր քաղաքացիներին»։
Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել «երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության առնչությամբ եւ ընդգծել ամենաբարձր մակարդակով փոխայցելությունների կարեւորությունը»։
Վուչիչն ու Բայրամովը նաեւ «դրական են գնահատել Ադրբեջանի եւ Սերբիայի փոխադարձ աջակցությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։