Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախօրեին հրապարակած տեսաուղերձում ասել է, որ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք է տեսնում։ Նախագահի խոսքով՝ առաջինը «Վրացական երազանք»-ի հետ երկխոսությունն ու փոխզիջումն են, մյուսը՝ մինչեւ ընտրություններ «ռեժիմի տապալումը»:
Սալոմե Զուրաբիշվիլին եւս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է հանդիպելու իշխող ուժի հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված ճգնաժամը։ Նրա խոսքով՝ քիչ ժամանակ է մնացել․ այդ ամենը պետք է որոշվի մինչեւ դեկտեմբերի 29-ը։ Հիշեցնենք՝ այդ օրը իշխող կուսակցությունը նախատեսում է նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
«Մինչեւ դեկտեմբերի 29-ը եթե «Վրացական երազանք»-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ապա դեկտեմբերի 29-ից հետո մենք ընտրություններին կհասնենք ռեժիմի տապալման միջոցով։ Այս ռեժիմն արդեն փլուզվում է․ ամեն օր բողոքի ակցիային միանում են հասարակության նոր շերտեր, նոր պաշտոնյաներ ու գործարարներ»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում։