ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է պաշտոնավարման վերջին շաբաթներին Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրներից ստացված տեղեկությանը։
Պարբերականի զրուցակիցների համաձայն՝ նոր միջոցները կարող են ուղղված լինել Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի՝ միջազգային նավերի դեմ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով սահմանված պատժամիջոցները։ Նշվում է, որ նոր սահմանափակումները կարող են տարածվել նաեւ ռուսական նավթ արտահանողների վրա, որոնք նախկինում չեն ներառվել պատժամիջոցների ցուցակում։
Բացի այդ, WP-ի զրուցակիցների խոսքով, դիտարկվում է նաեւ ռուսական էներգառեսուրսների դիմաց վճարումները թույլատրող բանկերին տրված երաշխավորագրերը չեղյալ համարելու հնարավորությունը։
Աղբյուրները նշում են, որ նոր պատժամիջոցների ներդրումը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ավելի շատ լծակներ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների ընթացքում։
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին ասել է, որ այս միջոցների կիրառումը Ուկրաինային հնարավորություն կտա հայտնվելու ինքնապաշտպանության համար առավել հարմար դիրքերում եւ խաղաղության շուրջ բանակցությունները վարելու առավել արդար պայմաններով։
Հիշեցնենք՝ Bloomberg-ն առաջինն էր, որ հայտնեց ռուսական նավթի առեւտրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ Վաշինգտոնում առկա քննարկումների մասին: Գործակալության աղբյուրները նշել էին, որ Բայդենի թիմն աշխատում է ռուսական նավթի որոշ տեսակների արտահանման սահմանափակումների, ինչպես նաեւ նավթի փոխադրմամբ զբաղվող ստվերային նավատորմի նկատմամբ պատժամիջոցների վրա։
Նշենք նաեւ, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակում արդեն ներառել է ստվերային նավատորմի նկատմամբ սահմանափակող միջոցները՝ զուգահեռաբար թիրախավորելով երրորդ երկրներից ռուսական նավթ տեղափոխող 52 տանկեր։