Օդի մաքրման համակարգեր արտադրող շվեյցարական IQAir ընկերությունն իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է աշխարհի մայրաքաղաքներում եւ խոշոր քաղաքներում օդի որակի վարկանիշը: 2024 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Երեւանում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան (PM2.5 — օդում առկա կոշտ միկրոմասնիկներ եւ հեղուկի փոքր կաթիլներ 10 նմ — 2,5 մկմ տրամագծով) 28.2 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Երեւանի օդը գնահատվում է որպես «շատ վնասակար»։
IQAir ընկերությունը խորհուրդ է տալիս Երեւանում շրջել դիմակով, փողոցում գտնվելիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (օրինակ՝ հեծանիվ վարելուց), տանը միացնել օդը մաքրող սարք։
Համեմատության համար նշենք, որ հարեւան Իրանի մայրաքաղաք Թեհրանում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան 24.2 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Մթնոլորտային օդի որակը գնահատվում է «միջին»։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան 5,6 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Մթնոլորտային օդի որակը գնահատվում է «միջին»։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան 7,5 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Մթնոլորտային օդը վնասակար է խոցելի խմբերի համար։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի PM2.5 կոնցենտրացիան 2,1 անգամ գերազանցում է ԱՀԿ միջին տարեկան սահմանաչափը: Մթնոլորտային օդի որակը գնահատվում է «միջին»։
Երեւանի եւ աշխարհի մյուս երկրների մայրաքաղաքների մթնոլորտային օդի վերաբերյալ տվյալները ստացվում են այդ մայրաքաղաքներում տեղակայված կայաններից ստացված տեղեկության միջոցով։ Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում կա յոթ կայան, որոնցից ստացված տվյալներին կարելի է հետեւել առցանց։
Օրվա տարբեր ժամերի կոնցենտրացիայի հետ կապված տվյալները կարող են փոխվել։ Ըստ այդմ՝ օրվա տարբեր ժամերի հետեւեցինք ցուցանիշերին, եւ Երեւանում մթնոլորտային օդը որոշ ժամերի (հատկապես երեկոյան, երբ երթեւեկությունը փոքր-ինչ պասիվանում է, շինարարական աշխատանքները նվազում են) գնահատվում է ոչ թե «շատ վնասակար», այլ «վնասակար»։ Իսկ, օրինակ, Անկարայում երեկոյան ժամերին, երբ երթեւեկությունն ակտիվ չէ, օդի որակը գնահատվում է «լավ», խորհուրդ է տրվում զբոսնել փողոցներում, բացել պատուհանները, օդափոխել շինությունները։
PM2.5 մասնիկների վտանգի մասին
PM2.5 մթնոլորտային աերոզոլային մասնիկները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա՝ խոր ներթափանցելով թոքերի մեջ եւ դառնալով թոքերի քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառ: PM2.5 մասնիկների ազդեցության հետեւանքով ամբողջ աշխարհում 4,1 միլիոն մարդ ունեցել է սրտի հիվանդություններ, կաթված, թոքերի քաղցկեղ, թոքերի քրոնիկ հիվանդություն եւ շնչառական վարակներ։ Ավելին՝ PM2.5 մասնիկներն ընդհուպ մահվան պատճառ կարող են դառնալ: Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրում տարածված PM2.5 մասնիկներն աշխարհում վաղաժամ մահվան պատճառ դարձող ռիսկի գործոնների շարքում վեցերորդն են:
Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը մթնոլորտային օդի աղտոտվածության մասին
Երեւանում օդի աղտոտվածության ցուցանիշերի վերաբերյալ դեկտեմբերի 12-ին հրապարակում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանը։ Օդի աղտոտվածության կոնցենտրացիայի՝ վտանգավորության պիկին հասած այս վիճակը քաղաքապետարանը պարզաբանել է հետեւյալ կերպ․ «Երեւանը գտնվում է գոգավորությունում, եւ քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք եւ ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են եւ մինչեւ մարտ չեն փչում, Երեւանի օդափոխությունը խաթարվում է, եւ Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում եւ երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ, օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում են մթնոլորտի ստորին շերտերում, եւ աղտոտվածության մակարդակը ավելանում է, եըւ մթնոլորտի գետնամերձ շերտում ձեւավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն»։
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված այս հայտարարությունում նշվում է նաեւ, որ հաշվի առնելով այս հանգամանքները եւ մայրաքաղաքում ձեւավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը` Երեւանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։
Հարց է առաջանում․ այս իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքային իշխանությունը։ Ի պատասխան «Ալիք Մեդիայի գրավոր հարցման՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրել են՝ օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել օդի աղտոտվածության նվազեցման քառամյա պլան, որտեղ կնախատեսվեն տրանսպորտից, շինարարությունից, հանքերից արտանետումների նվազեցման միջոցառումներ, հատկապես ձմեռային ամիսներին։ Հանձնարարվել է ավելացնել նաեւ կանաչ տարածքները։ Նախատեսվում է նաեւ ջրային տարածքների ավելացման ցուցանիշերն ամրագրել որպես աղտոտվածության դեմ պայքարի կարեւոր գործիք։ Այս աշխատանքներում կընդգրկվեն ոլորտի առաջատար մասնագետները։
Մեր հարցին՝ իսկ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել քաղաքային իշխանությունն օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը պատասխանել է. «Արդեն իսկ արված աշխատանքներից կնշենք շինհրապարակներում վարչարարության խստացումը, Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ նոր պահանջների (փոշու համար անթափանց ցանցով ցանցապատում, օդի որակի սարքերի տեղադրում) սահմանումը, հանրային տրանսպորտի շարժակազմի շարունակական փոփոխությունը (դիզելով, բենզինով աշխատող շարժակազմի փոխարեն էլեկտրականությամբ, գազով աշխատող շարժակազմի ձեռքբերում) եւ այլն։ 2022-2024 թվականների ընթացքում կանաչ տարածքները Երեւան քաղաքում ավելացել են շուրջ 50 հեկտարով»։
Երեւանում կանաչ գոտիները քիչ են
Երեւանում երբեմն շինարարական աշխատանքներ են իրականացվում կանաչ գոտիների հաշվին։ Մայրաքաղաքն ունի քաղաքային նշանակության 86 այգի: Երեւանի կանաչ տարածքը, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ շուրջ 6760 հա է, որը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սա ներառում է հանրային եւ մասնավոր տարածքները եւ կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը, այդ թվում՝ ծաղկաթմբերը եւ սիզամարգերը: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 906,8 հա է: Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը շուրջ 8,3 քմ է, մինչդեռ, ըստ ԱՀԿ-ի միջազգային չափանիշերի, պետք է 50 քմ լիներ։
Ինչպես հայտնի է, 2024 թվականի ընթացքում մայրաքաղաքում բազմաթիվ ծատեր հատվեցին, որը եւս հանգեցրել է մթնոլորտային օդի վատթարացման։ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, նշել է. «2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը ներքաղաքային կանաչ տնկարկներից հեռացվել է չոր եւ վթարային 1553 ծառ»։
Մթնոլորտում ածխաթթու գազի ավելացումը օդի եւ հողերի որակի վատթարացման, ջրային պաշարների հյուծման եւ աղտոտման, փոխադրամիջոցների ավելացման գործոնների ազդեցությամբ է պայմանավորված, որը կլիմայի փոփոխության հիմնական գործոններից է։ Ըստ մասնագետների կանխատեսումների՝ կլիմայի փոփոխության հետեւանքով Երեւանում մինչեւ 2100 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 1.7 °C-ով, իսկ տեղումների ծավալը կնվազի 10 մմ-ով:
Մինչ աշխարհում լուծումներ են փնտրում մթնոլորտային օդի որակը բարելավելու նպատակով եւ ավելացնում են կանաչ տարածքները, մայրաքաղաք Երեւանում շարունակաբար ծառեր են կտրվում, մթնոլորտային օդի վիճակն էլ գնալով վատթարանում է՝ վնասելով քաղաքացիների առողջությունը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։