ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլլերի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը։
Հաղորդագրության համաձայն՝ Օսթինն ընդգծել է, որ սերտ եւ շարունակական համակարգումը կարեւոր է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ առաքելության շարունակական հաջողության պահպանման համար:
Նշվում է, որ քննարկվել են նաեւ «ավելի ապահով եւ կայուն Սիրիա» ստեղծելու համար անհրաժեշտ պայմանների ձեւավորման վերաբերյալ հարցեր։
Թուրքական կողմն էլ փոխանցում է, որ Գյուլլերը եւ Օսթինը քննարկել են երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր՝ մասնավորապես կենտրոնանալով Սիրիայի վրա։
Նշենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է վերջին շրջանում Անկարայից հնչող այն հայտարարությունների ֆոնին, որ Սիրիայի տարածքում գտնվող քրդական բոլոր ռազմականացված կազմավորումները պետք է վայր դնեն զենքը եւ ինքնալուծարվեն։
Սիրիայի տարածքում քաղաքացիական պատերազմի տարիներին ձեւավորված քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» կառույցը, որը գլխավորապես պայքարում էր «Իսլամական պետության» դեմ եւ ռազմական աջակցություն էր ստանում ԱՄՆ-ից, Անկարան համարում է ահաբեկչական եւ դիտարկում որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ճյուղ (նույնպես ահաբեկչական է ճանաչված Թուրքիայում)։
Թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ թե՛ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել են, որ Անկարան պատրաստ է Սիրիայի նոր կառավարությանը աջկացություն տրամադրելու քրդական ուժերի դեմ պայքարում։
Նախօրեին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժում սկսելու հարեւան երկրի տարածք։