Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ վերադառնում է Բաքու՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքում ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանման հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականը։
Ավելի վաղ РИА Новости-ն էր ադրբեջանական պաշտոնական աղբյուրին հղում կատարելով գրել, որ Ալիեւը վերադառնում է Բաքու։
«Ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ օդանավի կործանման պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։
Baza տելեգրամյան ալիքն էլ ավելի վաղ հայտնել էր, որ թռիչքուղուց ինքնաթիռի շեղման պատճառը եղել է Չեչնիայի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ուղեւորների թիվը եղել է 100-ից ավելի։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ 25 մարդ ողջ են մնացել եւ տեղափոխվել են հիվանդանոց։