Դանիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի պաշտպանական ծախսերի կրկնապատկման մասին։ Կոպենհագենի այս որոշումը հրապարակվել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին գնելու ցանկության մասին հայտարարությունից հետո, գրում է BBC-ին։
Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կհատկացնեն «երկնիշ միլիարդի հասնող» կռոնի (Դանիայի դրամական միավորը) փաթեթ կամ առնվազն 1,5 միլիարդ դոլար: Նախարարը ստույգ գումարը չի նշել, սակայն դանիական լրատվամիջոցները այն գնահատել են մոտավորապես 12-15 միլիարդ կռոն (1,7 — 2 միլիարդ դոլար)։
Նրա խոսքերով՝ այս միջոցները հնարավորություն կտան գնելու տեսչական վերահսկողության համար անհրաժեշտ երկու նոր նավ, երկու հեռահար անօդաչու թռչող սարք եւ վարձել շների լծասահնակների երկու հավելյալ թիմեր։ Փաթեթը նաեւ նախատեսում է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կրկնապատկել արկտիկական հրամանատարության անձնակազմը եւ արդիականացնել կղզու տարածքում գործող երեք հիմնական քաղաքացիական օդանավակայաններից մեկը՝ այն համապատասխանեցնելով F-35 կործանիչների սպասարկմանը։
«Մենք երկար տարիներ բավականաչափ ներդրումներ չենք կատարել Արկտիկայում, այժմ ծրագրում ենք ուժեղացնել մեր ներկայությունը»,- ասել է Պոուլսենը:
BBC-ի հետ զրուցած վերլուծաբանները նշել են, որ Կոպենհագենի այս ծրագրերը երկար ժամանակ եղել են քննարկման փուլում, եւ դա չպետք է դիտարկվի որպես ԱՄՆ ընտրված նախագահի հայտարարություններին ուղղակի պատասխան։
Դանիայի պաշտպանության ակադեմիայից Սթին Կյերգաարդն էլ կարծիք է հայտնել, որ Թրամփը հավանաբար ցանկացել է ճնշում գործադրել Դանիայի վրա՝ Գրենլանդիայում ամերիկյան ռազմական հնարավորություններն ընդլայնելու համար:
Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է։ Կղզին ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն գտնվում է դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհին: Այնտեղ է տեղակայված «Պիտուֆֆիկ» ամերիկյան մեծ տիեզերական բազան։ Բացի այդ՝ Գրենլանդիան հարուստ է հանքային պաշարներով։
Նշենք, որ դեռ իր առաջին պաշտոնավարման տարիներին էր Թրամփը հայտարարել Գրենլանդիան գնելու ցանկության մասին, որն այդ ժամանակ հրապարակավ մերժեց Դանիան։
2024 թվականի դեկտեմբերի 22-ին Թրամփը կրկին վերադարձավ Գրենլանդիայի գնման թեմային՝ նշելով, որ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը «բացարձակ անհրաժեշտություն» է։
Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն պատասխանել էր հետեւյալ կերպ․ «Մենք չենք վաճառվում եւ երբեք էլ չենք վաճառվելու»։