Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ղազախստանում այսօր կործանված Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- X-ի էջում գրել է Փաշինյանը։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ օդանավի կործանման պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։
Baza տելեգրամյան ալիքն էլ ավելի վաղ հայտնել էր, որ թռիչքուղուց ինքնաթիռի շեղման պատճառը եղել է Չեչնիայի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։
Ինքնաթիռի մեջ եղել են 62 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ 28 մարդ ողջ են մնացել եւ տեղափոխվել են հիվանդանոց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չեղարկել էր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունը եւ վերադարձել Բաքու։