Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամբողջական ձեւաչափով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին տեսակապի միջոցով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ գագաթնաժողովին ՀՀ վարչապետը ֆիզիկապես ներկա չի լինի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։
«Ցավոք, այժմ այդպես ստացվել է դրական թեստի պատճառով։ Նա վաղը անմիջականորեն կմասնակցի տեսակապի միջոցով։ Դա կլինի ամբողջական ձեւաչափ ենթադրող մասնակցություն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քովիդի դրական թեստի պատճառով դեկտեմբերի 23-24-ը մեկուսացված աշխատել է կեցավայրից։ Նա նաեւ նշել էր, որ չնայած դեկտեմբերի 25-ին թեստը բացասական է եղել, այնուամենայնիվ, գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշել է չմասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Փաշինյանը նաեւ նշել էր, որ դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ էլ դեռ որոշում կկայացնի։