«Իգորա» համալիրում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այնտեղ ժամանող հյուրերին դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՏԱՍՍ-ի հաղորդագրության համաձայն՝ Պուտինը հանդիպման ընթացքում կամփոփի 2024 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։ Դրանից հետո, ինչպես հայտարարվել է Կրեմլում, «առաջնորդները կկարողանան ոչ պաշտոնական միջավայրում շփվել միմյանց հետ եւ կարծիքներ փոխանակել արդի միջազգային հարցերի շուրջ»։
Հակառակ նախատեսվածի՝ ոչ բոլոր մասնակից երկրների ղեկավարները կկարողանան մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ստիպված է բաց թողնել այսօրվա հանդիպումը կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։ Նա նաեւ հայտնել էր, որ որոշում կկայացնի վաղը սպասվող ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։
Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։
Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» կործանման պատճառով հանդիպմանը չի մասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նա միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո չեղարկել էր այցը եւ Սանկտ Պետերբուրգից վերադարձել Բաքու։
ԱՊՀ-ն ներկայում բաղկացած է 11 երկրներից՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ուկրաինա։
Միաժամանակ, ինչպես նշել է Պուտինը, դե ֆակտո Մոլդովան եւ Ուկրաինան վաղուց անվանական մասնակիցներ են եւ ներգրավված չեն ասոցիացիայի աշխատանքներում։