Մինչեւ այսօր՝ աղետից ու արհավիրքից ավելի քան մեկ տարի անց, Արցախի կամ Հայաստանի պատասխանատու որեւէ պաշտոնյա չի պատմել, թե ինչպես եւ ինչ պայմաններում են Արցախի նախկին ղեկավարները հայտնվել Բաքվի բանտում:
Մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը, որ Արցախի վերջին խորհրդարանի գլխավոր եւ միակ ընդդիմադիր ուժի ղեկավարն էր, «Ալիք Մեդիա»-ի տաղավարում ներկայացրել է իր վարկածը:
Այսպես՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Դավիթ Իշխանյանը ապաստան էին գտել Իվանյանի օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների հետ: Սպասվում էր, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ նրանց եւս թույլ կտան ուղղաթիռով հասնել Սիսիանի օդանավակայան:
Երբ նախկին նախագահների եւ պաշտոնյաների թիկնազորը հասել է Հակարիի կամուրջ, որպեսզի անցնի Հայաստանի Հանրապետություն, ինչպես մինչ այդ արել էին 120 հազար արցախահայերը՝ ենթարկվելով էթնիկ զտման ու բռնի տեղահանության, Ադրբեջանը նրանց առջեւ պահանջ է դրել՝ դուք չեք կարող անցնել Հայաստան, քանի դեռ Արցախի ղեկավարությունը ռուսների մոտ է: Այս մարդիկ հետ են գնացել Ստեփանակերտ, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին կանչել Արցախի ՆԳ նախարարի առանձնատուն, այդ մասին տեղեկացրել Ադրբեջանի համապատասխան ծառայություններին, որոնք եկել եւ Արցախի ղեկավարությանը առեւանգել ու տարել են Բաքվի բանտ: Դրանից հետո միայն Արցախի նախկին նախագահների ու պաշտոնյաների թիկնազորն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները կարողացել են անվտանգ անցնել Հայաստան:
Արայիկ Հարությունյանը առեւանգվել է իր գործարանի գրասենյակից, երբ զանգահարել եւ զրուցել է Շուշիում գտնվող ադրբեջանցի պաշտոնյայի հետ:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը իր մարդկանցով, ուղղաթիռով Իվանյանի օդանավակայանից անվտանգ հասել է Սիսիան: Կարելի է բացատրել, թե ինչու Շահրամանյանին չեն տարել Բաքու: Պատճառը, հավանաբար, այն է, որ նա համաձայնություն է տվել կատարել Բաքվի պահանջը՝ ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը:
«Ալիք Մեդիա»-ն եւ տողերիս հեղինակը անձամբ պատրաստ են այս թեմայով զրուցելու բոլոր պատասխանատուների, այդ թվում՝ պարոն Շահրամանյանի հետ: Զրույցները, բնականաբար, պետք է լինեն հրապարակային:
Շատ կարեւոր է նաեւ, որ պատմվի, թե ինչպես են Դավիթ Բաբայանին տարել Շուշի եւ հանձնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին:
Ռուբեն Վարդանյանը եւ նրա հետ նույն մեքենայում գտնվող Դավիթ Մանուկյանը, ինչպես երեւում է ադրբեջանական հրապարակումներից, առեւանգվել են Հակարին անցնելու ժամանակ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։