ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով կորցրել է իր արդիականությունը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համատեղ նախաձեռնել այս կառույցի լուծարման գործընթացը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս ռուսական լրտվամիջոնցերի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրած առաջարկին։
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը կորցրել է իր արդիականությունը։ Հետեւաբար բոլոր համապատասխան կառույցները՝ հենց Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով, ենթակա են լուծարման։ Մենք կարծում ենք, որ այս հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը այդ հաստատությունները լուծարելու Բաքվի եւ Երեւանի համատեղ առաջարկն է»,- ասել է Զախարովան։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման համար որպես գլխավոր պատճառ եղել էր ռուս համանախագահների հետ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների շփումների դադարեցումը 2022 թվականի փետրվարին։
«Այս հաղորդակցության դադարեցումը, Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս՝ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով, որը տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, եւ 2023 թվականի սեպտեմբերին գետնի վրա իրավիճակի կտրուկ փոփոխությունը ի վերջո հանգեցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի դադարեցմանը»,- ասել է Զախարովան։