Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 38 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաեւը։
«Դիակները վատ վիճակում են, հիմնականում՝ այրված»,- ասել է Բոզումբաեւը։
29 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանցից 11-ի վիճակը ծանր է։ Զոհերից 15-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 9-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ղրղզստանի, եւս 3 անձի քաղաքացիություն դեռ ճշտվում է։
Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 67 մարդ՝ ներառյալ անձնակազմի 5 անդամները, գրում է Tengrinews-ը՝ վկայակոչելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել անփութության եւ երթեւեկության անվտանգության ու օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածներով։
«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer 190 մարդատար ինքնաթիռը Բաքվից թռել էր Գրոզնի։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ օդանավի կործանման պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։
Baza տելեգրամյան ալիքն էլ ավելի վաղ հայտնել էր, որ թռիչքուղուց ինքնաթիռի շեղման պատճառը եղել է Չեչնիայի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։