ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Պաշտպանության դեպարտամենտին հանձնարարել է արագացված տեմպերով շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս հայտարարությունը հաջորդում է դեկտեմբերի 25-ի գիշերը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական բանակի հասցրած զանգվածային հրթիռային հարվածների մասին տեղեկություններին։
«Սուրբ Ծննդի օրվա վաղ ժամերին Ռուսաստանը մի շարք հրթիռային եւ անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին եւ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքներին: Այս սարսափելի հարձակման նպատակն է ձմռանը ուկրաինացի ժողովրդին ջերմությունից եւ էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաեւ էներգետիկ համակարգը վտանգելը»,- ասվում է Բայդենի հայտարարության տեքստում, որը հրապարակել է Սպիտակ տունը:
«Ուզում եմ հստակ ասել. ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելուն, եւ Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ պետք է շարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական ագրեսիան չի դադարել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բայդենը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը վերջին ամիսներին Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնցից շատերն արդեն ճանապարհին են։
«Ես պաշտպանության դեպարտամենտին հրահանգել եմ շարունակել սպառազինությունների արագ մատակարարումները Ուկրաինա, եւ Միացյալ Նահանգները կշարունակի ամրապնդել Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ չորեքշաբթի գիշերը ռուսական բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ կիրառելով թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ Խարկովում վիրավորվել է առնվազն վեց մարդ, իսկ Դնեպրոպետրովսկում կա մեկ զոհ: