ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ալիք Մեդիա»-ի սյունակագիր Գոռ Մադոյանի՝ ««Կրթության» արշավ ընդդեմ կրթության» հոդվածին։ Հիշեցնենք՝ Գոռ Մադոյանն անդրադարձել էր Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» արշավին։
Ստորեւ ներկայացնում ենք Աննա Հակոբյանի գրառումն ամբողջությամբ․
«Մեջբերում 1 — «Դեռեւս վերածննդի եւ լուսավորության դարաշրջանից կրթության նպատակը դիմացինին ու շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է: Չկա կրթություն առանց իմացության, եւ չկա իմացություն առանց կասկածի: Կասկած նախ սեփական գիտելիքի, ապա դիմացի մարդու եւ աշխարհի ճանաչման գործընթացում (…)»։
Մեջբերում 2 — «Մյուս կողմից՝ ավելի պարզ է դառնում, որ սույն «արշավի» նպատակը ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու եւ իրենց քննադատների դեմ հանելու համար(….)»։
Մեջբերում 3 — «Իրենք էլ գիտեն, որ զբաղվում են ոչ թե կրթության հանրահռչակմամբ, այլ քաղաքական քարոզչությամբ (…)»։
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը 1-ին միտքը գիտական բարձունքներից իրական կյանք տեղափոխելն է։ Այսինքն, անձամբ կրթվել, կրթել, փոխվել, մեր միջավայրը փոխել այնպես, որ այս եւ շատ այլ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներն ու ճառերը զարդարելու համար։
Օրինակ, եթե մեջբերումների հեղինակը հետեւեր անվիճելի թեզին, որ «կրթության նպատակը դիմացինին եւ շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է», նա սեփական կրթվածությունը ճիշտ կծառայեցներ իրեն, կասկած կունենար սեփական գիտելիքի հանդեպ, վստահ չէր լինի, որ ճանաչում է ինձ, հասկանում է իմ մոտիվացիաները, ինչի արդյունքում նրա 2-րդ, 3-րդ պնդումները պարզապես չէին «ծնվի»։
Իսկ ինչու է կարեւոր այս պատճառահետեւանքային կապը։ Շատ կարեւոր է, որովհետեւ հեղինակի պնդումները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Ու քանի որ իրականության հետ կապ չունեն, չեն կարող նաեւ իմ կողմից որպես քննադատություն ընկալվել։
Ինչքանո՞վ լուրջ կընդունի հեղինակը, եթե իր դիմաց դրված լինի խնձոր, եւ մեկը երկար, հիմնավոր, տարբեր մեջբերումներով ու շատ ինքնավստահ իրեն բացատրի, թե ինչու այդ տանձը լավ տանձ չէ։
Եկեք 2025 թվականը հայտարարենք նորովի կրթվելու տարի
Սովորենք մեր արդեն սովորածը
Հասկանանք մեր արդեն կարդացածը
Եթե չենք սովորել, սովորենք
Եթե չենք կարդացել, կարդանք
#նորաձեւությունիցմինչեւսովորություն
#հայրենիքըսիրելու #պետությունըհզորացնելուհամար
#Սովորենքամենինչիցանընդհատեւամենիչ #Կրթվելնառողջությունէ #Կրթվելնէմոցիոնալինտելեկտէ #Կրթվելչինշանակումբարքերիցհրաժարվել