Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մաուլեն Աշիմբաեւը «սխալ» եւ «էթիկայից դուրս» է անվանել Ակտաուի մոտ վթարի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը հրթիռով խոցելու մասին վարկածներ առաջ քաշելը։
«Անմիջապես լուսանկարից որեւէ եզրակացություն անելը, թե դա ինչ-որ գործողությունների հետեւանք է եւ այլն, շահարկում է, դրանք անհիմն հայտարարություններ են։ Նման գնահատականներ տարածելը սխալ եւ էթիկայից դուրս է։ Սա առաջին հերթին ցույց է տալիս, որ որոշ մարդիկ ցանկանում են որոշակի դիվիդենտներ ստանալ իրենց համար [․․․]: Հանձնաժողովը, մասնագետներն աշխատում են, փորձագետները ամեն ինչին հետեւում են, նրանք իրենց եզրակացությունները կանեն»,- ասել է Աշիմբաեւը:
Նրա խոսքերով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննում են Ղազախստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ թաքցնել տեղեկությունը, ընդգծել է Աշիմբաեւը։
«Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաեւը դեկտեմբերի 25-ի երեկոյան նույնպես հայտարարել էր, որ աղետի պատճառների մասին եզրակացություններ անելը վաղաժամ է»,- ասել էր Բոզումբաեւը։
Ես չեմ համարձակվի վաղաժամ հայտարարություններ անել։ Անգամ նախնական եզրակացություններն են անհնարին։ Կան մասնագետներ, որոնք կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ, հետազոտություններ։ Առայժմ անհիմն բան չեմ կարող ասել:
Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո տեսանյութեր են հայտնվել, որոնցում երեւում են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող կործանված ինքնաթիռի վնասված հատվածները, որոնք նմանվում են զենիթահրթիռային համալիրի բեկորներից առաջացած հետքերի։ Թե կոնկրետ ինչ տեսակի հրթիռից կարող է խոցված լինել ինքնաթռը, չի նշվում։ Միեւնույն ժամանակ հայտնի է, որ վթարից առաջ ինքնաթիռի վայրէջքի գոտում գործել են ռուսական ՀՕՊ ուժերը՝ փորձելով հետ մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Նախօրեին ռուսական Baza տելեգրամյան ալիքը գրել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը թռիչքային երթուղին փոխել էր Չեչնիայի օդային տարածքում հայտնաբերված ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով։