Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է վերջ դնելու Սիրիայում ահաբեկչական եւ անջատողական կազմակերպությունների գործունեությանը, որոնք կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ ոչնչացվեն։
«Մենք վճռական ենք Սիրիայում ճնշելու ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես «Իսլամական պետությանը» եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» , որոնք սպառնում են մեր երկու երկրների գոյությանը։ Կա՛մ այս անջատողական հանցագործները անձամբ հրաժեշտ կտան զենքին, կա՛մ էլ դրանք իրենց հետ կթաղվեն սիրիական հողում։ Մենք կվերացնենք ահաբեկչական կազմակերպությունը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր եւ մեր քուրդ եղբայրների միջեւ»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» խմբակցության նիստի ժամանակ։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Սիրիայում գործող խմբավորումները «վտանգի աղբյուր են Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի համար»։
«ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը ձեռնամուխ է եղել նրանց դեմ պայքարին, Թուրքիան է: Եվ այս հարցում մենք չենք կարող սահմանափակվել։ Մեր միակ նպատակն է ապահովել խաղաղություն, հանգստություն եւ կայունություն մեր տարածաշրջանի յուրաքանչյուր կետում՝ սկսած Սիրիայից։ Մյուսների համար Սիրիայի անվտանգությունն ու խաղաղությունը կարող են երկրորդ տեղում լինել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդպես մտածել, քանի որ մենք այս երկրի հետ 900 կմ սահման ունենք»,- հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին Անկարայից հնչող հայտարարությունները թե՛ արեւմտյան ե՛ւ թե թուրքական լրատվամիջոցները բացատրում են Սիրիայի տարածքում գործող քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» կառույցի դեմ հավանական ռազմական գործողությունների պատրաստմամբ։
Թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ թե՛ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել են, որ Անկարան պատրաստ է Սիրիայի նոր կառավարությանը աջկացություն տրամադրելու քրդական ուժերի դեմ պայքարում։
Դեկտեմբերի 24-ին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժում սկսելու հարեւան երկրի տարածք։