Ալիեւը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ասել է, թե առաջիկայում պետք է համաձայնեցվեն սահմանին օտարերկրյա ուժեր չտեղակայելու եւ միջազգային ատյաններում իրար նկատմամբ ներկայացված հայցերի հետկանչման հարցերը։ Չի մոռացել ու կրկնել է, որ Հայաստանը չպետք է զինվի, ապա խոսել է շուրջ 300 000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, որոնց վերաինտեգրման համար հայկական կողմը պետք է պայմաններ ստեղծի։
Եթե սկսենք վերջից, ապա հայերն Ադրբեջանում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում միշտ են բնակվել։ Ուղղակի 1988-1990-ին հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման հետեւանքով հայերը հեռացան Ադրբեջանից, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանից։ Բայց մի էական տարբերությամբ՝ Հայաստանում ադրբեջանական ջարդեր չեն եղել, իսկ Ադրբեջանում եղել են։ Առավել հայտնի են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, որոնք վավերացված են, որոնց ժամանակին անդրադարձել են թե՛ խորհրդային, թե՛ արտասահմանյան մամուլի միջոցները, ինչպես նաեւ դատապարտել են միջազգային ամենատարբեր կազմակերպություններ։
Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմը որպես հակադարձ պահանջ պետք է հայերի ադրբեջան վերադարձի հարցը բարձրացնի, խոսի նրանց կրած վնասի փոխհատուցման, սպանությունների բացահայտման մասին։ Ազգային պատկանելությամբ պայմանավորված այդ սպանությունների իրավական գնահատականին լինի հետամուտ։ Տրամաբանությունը հուշում է նաեւ, որ երկու կողմերն էլ պետք է վերաինտեգրման համար պայմաններ ստեղծեն։ Սա միայն Հայաստանի պարտավորությունը լինել չի կարող։ Այս կապակցությամբ հստակ որեւէ խոսք Հայաստանից, բայց, չի հնչում։ Հայկական կողմը լռում է անընդհատ ու գլխահակ լսում Ալիեւին։
Ինչ վերաբերում է հայկական բանակի վերազինման հարցին, ապա ցանկացած երկիր պաշտպանվելու նպատակով զինվելու իրավունք ունի։ Ալիեւը, սակայն, ադրբեջանական բանակը մեծ թափով զինելուն զուգահեռ, ինչի մասին ինքն է բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով հպարտորեն հայտարարում, իրեն իրավունք է վերապահում պահանջելու, որ Հայաստանը չզինվի ու չլինի պաշտպանունակ։ Որովհետեւ որոշել է, թե իր հարեւանությամբ պետք է Բաքվի թելադրանքներին հնազանդ, անպաշտպան ու խոցելի Հայաստան լինի։
Հաջորդը միջազգային ատյաններում իրար նկատմամբ ներկայացված հայցերի հետկանչն է, որը խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում լուծելի է։ Դրա վրա կենտրոնանալ, թերես, չարժի։
Ալիեւի հնչեցրած հարցերից այս պահին մեր երկրի համար ամենակենսականներից մեկը սահմանին օտարերկրյա ուժեր կամ դիտորդներ տեղակայելը բացառելն է։ Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում արեւմտյան դիտորդների ներկայությանը միշտ է դեմ եղել։ Այս հարցը հուզում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Ադրբեջանին։ Ռուսաստանին, որովհետեւ Մոսկվան մեր տարածաշրջանը իր հետնաբակն է համարում, որտեղ ոչ մի օտար աչք ու օտար ոտք չպետք է լինեն, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին չի ցանկանում, որ Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ գործողությունները նկատվեն, արձանագրվեն ու միջազգային հանրությանը ներկայացվեն։
Արեւմտյան դիտորդների ներկայությունը, անկասկած, զսպում է Ադրբեջանին։ Գուցե ոչ այն չափով, որչափ մենք կցանկանայինք, բայց, այնուամենայնիվ, զսպում է։ Այս հանգամանքը հաշվի չառնել հնարավոր չէ։ Ամեն ինչ պետք է անել, որ ավելանա նրանց քանակը, եւ ընդլայնվեն նրանց իրավունքները։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Փաշինյանը, արձագանքելով Ալիեւին, հայտարարեց, թե սահմանի սահմանագծված հատվածներում դիտորդներ կարող են եւ չլինել։ Սա ծիծաղելի է։ Սա նաեւ վտանգավոր է։ Ո՞վ կարող է վստահեցնել, թե Ադրբեջանը հենց վաղը սահմանազատված ու սահմանագծված հատվածում սադրանքներ կամ սահմանախախտումներ թույլ չի տա։ Ինչպե՞ս է սահմանագծված սահմանը նման ծրագրերի իրականացման արգելք լինելու։
Ո՛չ հաշտության պայմանագիրը, ո՛չ սահմանագծումը եւ սահմանազատումը ագրեսիայի բացառման կամ սադրանքներ հրահրելու հիմք լինել չեն կարող։ Ագրեսիան կարող է բացառվել, եթե Հայաստանն ունենա ուժեղ ու մարտունակ բանակ եւ ծանրակշիռ աջակիցներ։ Այսօր, ցավոք, Հայաստանը չունի ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը։
Իրերի նման դասավորության պարագայում դիտորդներից հրաժարվելը մեծ սխալ է։ Փաշինյանը, անկասկած, այնքան միամիտ չէ, որ հավատա, թե սահմանագծված սահմանն Ալիեւի համար լինելու է անհաղթահարելի խոչընդոտ։ Փայլուն գիտի՝ եթե Ալիեւին պետք լինի, ապա առանց սահմանի ճշտված կամ չճշտված լինելու վրա ուշադրություն դարձնելու, ինչպես քանիցս եղել է, կկազմակերպի ցանկացած սադրանք ու ցանկացած ներթափանցում։ Գիտի, բայց թելադրանքը լսել ու չընդունել, չընկրկել, չնահանջել չի կարող։ Ալիեւի պահանջների ու ճնշումների տակ Փաշինյանը միշտ է նահանջել։
2020-ի նոյեմբերի 9-ին արձանագրված պարտությունից հետո Ալիեւն ինչ խնդիր ունեցել, լուծել է։ Լուծել է Փաշինյանին նահանջել ստիպելով։ Լուծման այլ տարբերակ չի փնտրել։ Նա պահանջում էր, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախով հանդերձ՝ Փաշինյանը ճանաչեց։ Նա պահանջում էր, որ Փաշինյանը հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդների մասնակցությունից հրաժարվի, ու խոսեն երկուսով, առանց միջնորդների՝ Փաշինյանը հրաժարվեց։ Նա ցանկանում էր հայաթափել Արցախն այնպես, որ հայկական կողմը մեծ աղմուկ չբարձրացնի ու չխանգարի՝ հայաթափեց Փաշինյանի լռության, եթե չասենք՝ լուռ համաձայնության պարագայում։ Այս պահին դիտորդների դուրսբերման խնդիրն է լուծում, որ հարկ եղած դեպքում առանց լրացուցիչ բարդությունների իր ագրեսիվ ծրագրերն իրականացնի։ Առջեւում մեր երկրի վերահսկողությունից դուրս Զանգեզուրի միջանցքն է, որին պետք է հասնի, ու սահմանազատումը։ Սահմանազատման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը պետք է մնան հայկական այն տարածքներում, որտեղ այս պահին տեղակայված են։ Ալիեւը պահանջելու է, որ Փաշինյանը հայտարարի, ավելին՝ ցույց տա քարտեզ, որի համաձայն՝ այդ տարածքները Ադրբեջանինն են, ու Փաշինյանը հերթական ասուլիսներից մեկի ժամանակ, երբ պահը գա, նման քարտեզ, հավանաբար, ցույց կտա։
Արտաքին ճնշումներին, հատկապես ադրբեջանական կոշտ ճնշումներին դիմակայել Փաշինյանը չի կարողանում։ Պարտությունը ջարդել է նրան, դարձրել է անկամ, զրկել է հավասար զրուցակից լինելու իրավունքից։
Այս պատճառով էլ 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ բանակցող փոխելու մասին էր խոսվում։ Դա ինչ-որ մեկի քմահաճույքը չէր։ Դա անհրաժեշտություն էր, կենսական անհրաժեշտություն։ Մեր ընտրողը, բայց, պահի ճակատագրականությունը չգիտակցեց, արժանավորների ու կարողների չփնտրեց, հաշվենկատ չեղավ, չառաջնորդվեց սառը դատողությամբ, ընտրությունները որպես հնարավորություն օգտագործելու փոխարեն դարձավ մերժվածների ու մերժողների կռվի մասնակիցը, ականջահաճո քարոզչության զոհը, տրվեց իր վախերին ու իր հույզերին։ Նման պարագայում ճիշտ ընտրություն լինել չէր կարող։
Այդ ընտրության դառը պտուղներն էլ այսօր ճաշակում ենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։