Տարեթիվը հիշում եմ՝ 2001, մայիսն էր, ստույգ օրը չի մտապահվել:
Աղդամի ուղղության մի հատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաhներ Գրիբկովը, Քավանոն եւ դը Սյուրմենը հատեցին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը:
Որպես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ներկա էր նաեւ տողերիս հեղինակը: Մենք նրանց դիմավորեցինք ուղեանց կամրջի վրա, որ չեզոք գոտում էր:
Համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահ Կասպրշիկին ուղեկցում էր ադրբեջանցի մի գնդապետ, մեր կողմից զինվորական պատասխանատուն ՊԲ հրամանատարի տեղակալ Վիտալի Բալասանյանն էր:
Կազմակերպիչները նախատեսել էին, որ կողմերը պետք է «աղուհաց» փոխանակեն. Բաքվից խավիարով կարագահաց էին բերել, Ստեփանակերտից՝ սառնախցիկներով «Կոտայք» գարեջուր: Արարողությունը, սակայն, շատ սառը ստացվեց. ադրբեջանցի զինվորականը շշից մի կում գարեջուր խմեց, Բալասանյանը մի կտոր խավիարահաց ծամեց, Քավանոն ծափահարեց ու՝ վերջ:
Համանախագահները զրահաբաճկոններով էին, սաղավարտներով, շոգ էր: Շքախումբն իջավ խրամատ, քիչ այն կողմ նրանց սպասում էին OSCE կողանշումով մեքենաները: Շարասյունը կանգ առավ Աղդամից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ երկու-երեք զինվորական վրան էր բացված՝ նախաճաշի սեղաններով: Մոտ կես ժամ տեւած «ընդունելությունից» այն հասկացվեց, որ համանախագահները մտադիր են անպայման տեսնելու Աղդամի մզկիթը, մերոնք, որքան հնարավոր է, փորձում էին տարհամոզել: Պատճառաբանում էին, որ տարածքը լիովին ականազերծված չէ, ավտոշարասյան համար բավարար անվտանգ կայանատեղի չի գտնվի: Բայց համանախագահները պնդում էին, որ «պայմանավորվածությունն այդպիսին է», իսկ անվտանգության մասին «պետք էր ժամանակին հոգալ»:
Չօգնեցին ո՛չ կոնյակը, ո՛չ ղարաբաղյան «թոթեն արաղը». հանգիստ խմեցին, շնորհակալություն ասացին, եւ շարասյունը մտավ Աղդամ: Ավելի ճիշտ՝ այն տարածքը, որտեղ անվնաս կանգնած էր մզկիթը: Բայց այդտեղ էլ տեսարանի «գրավչությունն» ավարտվեց: Մզկիթի բակում, հարակից թփուտներում, ներսում կեսօրվա իր հանգիստն էր վայելում կովերի նախիրը, որ, բնականաբար, ամենուր աղտեղություն էր տարածել՝ հրավիրելով տափաստանային խոշոր ճանճերի պարսեր: Օդում կեղտահոտ էր, աղտեղաճանճերի միալար բզզոց, իսկ որոճացող կովերի համար ոչինչ էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որոնց ներկայացուցիչներն իզուր փորձում էին մզկիթ մտնելու գոնե մի արահետ գտնել, բայց ստիպված էին չխնայել իրենց կոշիկները: Տպավորվել է հատկապես ֆրանսիացի համանախագահ դը Սյուրմենը, որ ոտքից գլուխ ամառային ճերմակ հագուստով էր, մզկիթի բակում մի քարակոշտի կանգնած՝ «հավերժացնում էր գեղեցիկ տեսարանը»՝ լուսանկարելով նաեւ «ամառային համայնապատկերը»:
Այդ օրը նրանք եղան Մարտակերտում, հանդիպեցին շրջանի օկուպացված համայնքներից բռնատեղահանված մարդկանց, լսեցին նրանց բողոքները եւ ոչինչ չասացին: Համանախագահները շտապում էին տեսնել Սարսանգը, որպեսզի մանրամասն տեսանկարահանեն ամբարտակը, ջրամբարը: Նախատեսված էր նաեւ նրանց Գանձասար այցը: Հետո մենք եղանք Լեւոն Հայրապետյանի փայտամշակման ձեռնարկությունում: Օրն ավարտվեց ճոխ ընթրիքով, Ստեփանակերտ հասանք ուշ երեկոյան:
Օրեր անց հանդիպեցի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նա նույնպես ներկա էր եղել Աղդամի մզկիթի «միջադեպին»: Շատ զգուշորեն առաջարկեցի, որ լինելով կառավարության ազդեցիկ անդամ՝ կարող է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական մի քանի հուշարձանների գոնե «կոնսերվացման» հարցին լուծում տալ: Նա սկզբունքորեն համաձայն էր, բայց խոստովանեց, որ առաջարկություն անել չի կարող: «Ճիշտ չեն հասկանա». սա էր պատճառը:
Քանի՞ անգամ ենք մենք Ստեփանակերտում ենթարկվել «ճիշտ չեն հասկանա» հարմարվողականությանը, քանի՞ օտարերկրացու մոտ են մեր «ականջները կարմրել», երբ չենք կարողացել որեւէ բացատրություն տալ, թե 1992 թվականի մայիսի 8-ին, երբ քաղաքում այլեւս ադրբեջանական զորքեր չկային, իսկ խաղաղ բնակչությունը մի քանի ամիս առաջ էր հեռացել, ինչու է Շուշիի մի թաղամաս հրդեհվել, կամ ում երեւակայության արդյունք էին արմատից հատված նախկին այգիները, ոչնչացված ջրագծերը… Կարելի՞ էր ազատագրված տարածքներում ռազմա-ոստիկանական կառավարում սահմանել, պահպանել բնակֆոնդը, ենթակառուցվածքները, արտադրական հզորությունները, մշակութային նշանակության արժեքները: Տեսականորեն՝ այո՛, եւ դա էր պահանջում պատերազմի գրված եւ չգրված օրենքը: Գործնականում ոչինչ չի արվել: Եվ այն, ինչ կարող էր ծառայել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ոչ միայն միջազգային վարկանիշի, այլեւ տնտեսական ներուժի բարձրացմանը, փոշիացվել է, հարստացրել մի քանի կամ մի քանի տասնյակ անձանց՝ անդառնալիորեն խորացնելով Ստեփանակերտի թե՛ քաղաքական, թե՛ նաեւ քաղաքակրթական մեկուսացվածությունը:
Իսկ «իզգոյ» երկիրը միջազգային լուրջ աջակցություն չէր կարող ունենալ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։