Դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Ընդդիմադիր «Ժողովրդի համար» կուսակցության նախագահ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեն հանդիպումից հետո լրագրողներին ասել է՝ ընդդիմությունը աջակցություն է հայտնել Զուրաբիշվիլիին՝ խոստանալով դեկտեմբերի 29-ից հետո նրա հետ մնալ նախագահական պալատում։
«Ես լիակատար աջակցություն եմ առաջարկել նախագահին անկախության համար պայքարում: Մենք պատրաստ ենք պալատում մնալու նաեւ դեկտեմբերի 29-ից հետո, այն հայտարարել որպես միակ վայրը, որտեղ կաշխատի Վրաստանի օրինական նախագահը»,- ասել է Դոլիձեն՝ չհստակեցնելով այս հարցում նախագահ Զուրաբիշվիլիի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ նախագահն ինքը կասի այդ մասին։
«Ախալի» կուսակցության նախագահ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի խոսքով, իր տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Օրբելիանիի պալատում քաղաքական գործիչներից բացի կլինեն նաեւ այլ ոլորտների ներկայացուցիչներ:
«Իմ անձնական կարծիքն այն է, որ այդ աջակցությունը լինելու է լայնածավալ, եւ ես լիովին վստահ եմ դրանում: Զուրաբիշվիլին կորոշի, թե ինչպես անցնի այդ ամենը»,- ասել է Գվարամիան:
Դոլիձեն լրատվամիջոցներին նշել է նաեւ, որ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները Վրաստանի նախագահի հետ քննարկում են ընտրական վարչակազմի պայմաններին վերաբերող փաստաթուղթը, «ըստ որի՝ Վրաստանում կարող են նոր ընտրություններ անցկացվել»։
Դեկտեմբերի 23-ին Զուրաբիշվիլին հայտարարեց՝ դեկտեմբերի 29-ից հետո ինքը կլինի «նախագահն իր սիմվոլիզմով, իր պատասխանատվությամբ, իր անկախությամբ»:
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարեց՝ Զուրաբիշվիլին կարող է բանտարկվել դեկտեմբերի 29-ից հետո, եթե նա «կպած մնա» նախագահի նստավայրին եւ կատարի «քրեական հանցագործություն»:
Նորայր Միսկարյան