Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի «Ասար Ալլահ» շարժման կամ, ինչպես առավել հայտնի են, հութիների ռազմական օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարվածները հասցվել են Եմենի արեւմտյան ափերին եւ ներքին տարածքներում տեղակայված ենթակառուցվածքներին։
«Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի եւ վարչապետի կողմից օպերատիվ պլանների հաստատումից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի արեւմտյան ափին եւ ներքին շրջաններում՝ թիրախավորելով Հութի ահաբեկչական ռեժիմի ռազմական օբյեկտները։ Հութի ահաբեկչական ռեժիմը բազմիցս հարձակվել է Իսրայել պետության եւ նրա քաղաքացիների վրա, այդ թվում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր եւ «երկիր-երկիր» հրթիռներ»,- ասվում է հայտարարության տեքստում։
Իսրայելական կողմի հաղորդագրության համաձայն՝ թիրախավորվել են մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը, Հեզյազի եւ Ռաս Քաթնիբի էլեկտրակայանները, ինչպես նաեւ Հոդեյդայի եւ Ալ-Սալիֆի նավահանգիստները։
Ըստ իսրայելական զինվորականների՝ «այդ ռազմական օբյեկտներն օգտագործվել են Հութի ահաբեկչական ռեժիմի կողմից՝ տարածաշրջան իրանական զենք տեղափոխելու համար», ինչպես նաեւ «իրանական բարձրաստիճան պաշտոնյաների» տեղաշարժի համար։
«Հութի ահաբեկչական ռեժիմը գործում է որպես ինքնավար ահաբեկչական խմբավորում՝ իր հարձակումներն իրականացնելու համար հենվելով Իրանի հետ համագործակցության եւ այնտեղից ստացվող ֆինանսավորման վրա»,- նշում է Իսրայելի պաշտպանության բանակը եւ ընդգծում, որ պատրաստ է գործելու ցանկացած հեռավորության վրա՝ Իսրայել պետությանը եւ իր քաղաքացիներին սպառնացող վտանգի դեպքում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 25-ին հրեական Խանուկա տոնի մեկնարկի արարողության ժամանակ նոր սպառնալիքներ էր հնչեցրել Եմենի Հութի ապստամբների հասցեին։
Ելույթում, որի ձայնագրությունը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը, նա զգուշացրել է, որ հութիներին սպասում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան շիական «Հեզբոլլահի» եւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագիրը։