Կորեայի Հանրապետության խորհրդարանը պաշտոնանկ է արել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դուկ Սուին։ Այդ մասին հայտարարել է Կորեայի Ազգային ժողովի նախագահ Վու Վոն Սիկը։
Հան Դուկ Սուին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 192 պատգամավոր։ Մինչ քվեարկությանը սկսվելը խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ պաշտոնանակության համար անհրաժեշտ է առնվազն 151 պատգամավորի ձայն։ Սակայն իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը պնդում է, որ իմփիչմենթի գործընթացի համար անհրաժեշտ է առնվազն 200 ձայն (նույնը, ինչ նախագահի համար):
Իմփիչմենթի գործընթացը խորհրդարան ներկայացրել էր ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցությունը», որն այս որոշումը բացատրել է նրանով, որ նախագահի պաշտոնակատարը հրաժարվել է երկրի Սահմանադրական դատարանում երեք լրացուցիչ դատավորների նշանակումից, որը պետք է քննարկեր Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի պաշտոնանակության հարցը։
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը բաղկացած է ինը դատավորից։ Յունին իմփիչմենթի ենթարկելու որոշումը պետք է պաշտպանի առնվազն վեց դատավոր։ Ներկայում Սահմանադրական դատարանն ունի ընդամենը վեց դատավոր, սակայն այս պարագայում նույնիսկ մեկ դեմ ձայնը Յունին թույլ կտա մնալ իշխանության, բացատրում է BBC News-ը։
Թեեւ իշխող կուսակցության պատգամավորները բոյկոտել են քվեարկությունը, այնուամենայնիվ, Հան Դուկ Սուի գործը պետք է քննի Սահմանադրական դատարանը։ Վերանայումը կտեւի մինչեւ 180 օր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օգտին՝ կապված ռազմական դրություն մտցնելու փորձի հետ։ Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են վարչապետ Հան Դուկ Սուին։ Եթե Սահմանադրական դատարանը հաստատի նախագահի պաշտոնանկությունը, երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։