Վերջին տարիներին Ամանորի նախաշեմին եւ հաջորդ օրերին ճայթուկների, պայթուցիկների, հրագործական նյութերի պատճառով քաղաքացիների շրջանում վնասվածքների դեպքեր են արձանագրվում: 2024 թվականի տարեսկզբին «Հերացի» թիվ 1 հիվանդանոց էր դիմել հինգ քաղաքացի։ Նրանցից երկուսի ձախ դաստակի մատներն էին ամպուտացրել, երկու բուժառու էլ պատռված վերքեր ունեին, իսկ հինգերորդի մատն էր վնասվել։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիր դիմել էր մեկ քաղաքացի, որը հրավառության պատճառով վնասվածք էր ստացել։
«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
Մի քանի օր առաջ հրավառության վերաբերյալ հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ հիշեցնելով, որ հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով։ Հայտարարությունում մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես եւ որ դեպքում կարելի է թույլտվություն ստանալ։
Իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, կենցաղային նշանակության երրորդ դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար։
Անցանկալի հետեւանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք, բացի լիցենզիա ստանալուց, պետք է նաեւ ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։ Հրագործական երրորդ դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը եւ կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական եւ համայնքային նշանակության կամ պետական եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։
Օրենքի խախտմամբ հրավառություն անողները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունն առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո`մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:
Ի դեպ, հրավառությունն աղտոտում է շրջակա միջավայրը (քանի որ արտանետվում են ծանր մետաղներ, ածխաթթու գազ ու այլ վնասակար նյութեր), բացասաբար է ազդում մարդկանց առողջության եւ էկոհամակարգի վրա։
Հրավառություններին ուղեկցող ուժեղ ձայները կարող են 150 դեցիբելից ավելի աղմուկ ստեղծել եւ վնասել մարդու լսողությունը, եթե այն տեւի 15 րոպեից ավելի։ Անկախ հրավառության տեւողությունից՝ այդ ձայները կարող են խուճապ առաջացնել հասարակության շրջանում (հատկապես պատերազմի արհավիրք տեսած անձանց)։
Գիտնականները պարզել են, որ հրավառության հետեւանքով կենդանիների օրգանիզմում առաջանում են անհանգստություն, սթրես, ապակողմնորոշման, տագնապի ու վախի զգացողություն: Ձայները ապակողմնորոշում են նրանց, որի հետեւանքով, օրինակ՝ եղջերուները փախչում են դեպի ճանապարհներ։ Իսկ բնադրող թռչունները եւ այլ փոքր կաթնասունները այդ սթրեսի ու վախի զգացողության հետեւանքով լքում են իրենց բները՝ ձագերին թողնելով անպաշտպան։
Հատկապես մայրաքաղաքում հաճախ են լինում դեպքեր, երբ առանց համապատասխան թույլտվության հրավառություն էին կազմակերպում։ Այս խնդիրը լուծելու նպատակով 2022 թվականին Երեւանի ավագանին որոշում կայացրեց, ըստ որի՝ հրավառությունը մայրաքաղաքում թույլատրվում է Ազատության եւ Հանրապետության հրապարակներում միայն տոն օրերին՝ բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։
Այդուամենայնիվ, այս օրենքը հատկապես տոնական օրերին խախտվում է։ Փորձեցինք ճշտել՝ քաղաքային իշխանությունը ձեռնարկո՞ւմ է քայլեր, վերահսկվո՞ւմ է արդյոք հրագործական նյութերի վաճառքը։
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանն ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման նշել է․ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ոչ սահմանված տեղում հրագործական արտադրանքի վաճառքի հայտնաբերման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»։
Արմեն Առաքելյանը հիշեցնում է ՝տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրագործական արտադրանքների կիրառման թույլտվություններ չեն տրամադրվում։ Հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման) թույլտվությունը տրամադրում է միայն ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ հրավառության հետ կապված օրինախախտումները դժվար բացահայտվող են․ հաճախ հնարավոր չէ հայտնաբերել այն կազմակերպողին եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել։ Դրանից օգտվելով՝ շատերը փորձում են հրավառություն կազմակերպել։
«Ցավոք, լինում են դեպքեր, երբ ոչ միայն հրավառությունների, այլեւ ճայթուկների պատճառով երեխաները վնասվածքներ են ստանում՝ փորձելով դրանք ինքնուրույն օգտագործել։ Ընդ որում՝ դրանք կարելի է գնել սսուպերմարկետներում։ Ճայթուկները եւս սխալ օգտագործման դեպքում շատ վտանգավոր կարող են լինել։ Այդ վտանգներից խուսափելու միակ ձեւը դրանց վաճառքն արգելելն է։ Պետք է արգելվի բոլոր ճայթուկների, ծուխ առաջացնող մյուս միջոցների վաճառքը, որոնք կարող են վնասվածքներ առաջացնել»,- մանրամասնում է Իզաբելլա Աբգարյանը։
Նա հիշեցնում է՝ Երեւանի ավագանին հրավառություն անելուն, հրագործական նյութերի կիրառությանն առնչվող որոշում կայացնելու լիազորություն ունեցել է եւ ըստ այդմ որոշում է կայացրել՝ փորձելով ոլորտը կարգավորել։ Իսկ ահա այդ պարագաների վաճառքն արգելելն արդեն ավագանու լիազորությունների տիրույթում չէ։
Երեւանի աբագանու անդամն ասում է՝ օրինակ՝ էներգետիկ ըմպելիքներն անչափահասներին վաճառելն արգելելու նախագիծը պատրաստել է Ազգային ժողովը։ Ճայթուկների եւ հրագործական պարագաների վաճառքի սահմանափակումը եւս Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում է։
«Հրավառ նյութերի պահեստի բռնկվելու հետեւանքով «Սուրմալու» տոնավաճառում ողբերգական դեպք եղավ։ Շատերը միահամուռ գոռում էին՝ դրանց վաճառքը պետք է արգելել, բայց որոշ ժամանակ անց մոռացան դրա մասին։ Եվ ահա այսօր շուկայում ունենք հրագործական նյութերի անկանոն վաճառք, ընդ որում՝ դրանց որակն էլ չի ստուգվում։ Նախ՝ որակը պիտի ստուգվի, երկրորդ՝ չպիտի վաճառվի անչափահասներին։ Անհրաժեշտ է, որ մասնագետներն այդ ոլորտը կանոնակարգելու արդյունավետ մեթոդներ մշակեն»,- եզրափակում է Իզաբելլա Աբգարյանը՝ հիշեցնելով՝ տոնական օրերին հարկավոր է երեխաներին զերծ պահել ճայթուկներից ու հրավառ նյութերից՝ հոգալով նրանց անվտանգության մասին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։