Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է երկրի խորհրդարանը (Բունդեսթագը) եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել 2025 թվականի փետրվարի 23-ին։
«Նման դժվար ժամանակներում կայունության ապահովումը պահանջում է ընդունակ կառավարություն եւ խորհրդարանում վստահելի մեծամասնություն»,- մեջբերում է Deutsche Welle-ն նախագահի խոսքերը:
Երկրի նախագահը խորհրդարանը ցրելու մտադրության մասին հայտարարել է դեկտեմբերի 20-ին, հիշեցնում է գործակալությունը։ Նա հայտարարել է, որ «այլեւս չկան դաշնային կառավարության համար կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու հեռանկարներ»։
Դեկտեմբերի 16-ին Բունդեսթագի պատգամավորները հրաժարվեցին Օլաֆ Շոլցի կառավարությանը վստահություն հայտնելուց։ Անձամբ Շոլցի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ 717 պատգամավորներից նախարարների կաբինետին աջակցություն հայտնել էր 207-ը, ձեռնպահ էր մնացել 116-ը , իսկ դեմ արտահայտվել՝ 394-ը։
Շոլցը պատգամավորների մոտ վստահության հարցը բարձրացրել էր իշխող կոալիցիայի փլուզումից հետո. այս քվեարկությունն անհրաժեշտ էր արտահերթ ընտրություններ նշանակելու պաշտոնական հիմքեր ունենալու համար։ Քվեարկությունից հետո կանցլերը դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ խորհրդարանը պաշտոնապես ցրելու առաջարկով։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (Շոլցի գլխավորությամբ), Կանաչները եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը Գերմանիայում իշանություն ձեւավորել էին 2021 թվականից։ Նոյեմբերի սկզբին, տնտեսական բարեփոխումների շուրջ կոալիցիայում լուրջ տարաձայնությունների ֆոնին, Ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից, առանց որի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ Կանաչները խորհրդարանական մեծամասնություն չունեն: