Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքները Չեչնիայի իշխանությունների օգնության կարիքը չունեն։ Այդ մասին Day.Az-ին հայտնել է Ադրբեջանի նախագահականի աղբյուրը։
Դեկտեմբերի 26-ին Չեչնիայի կառավարության նախագահ Խասան Խակիմովը հայտարարել է, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի անունից աղետի հետեւանքով զոհվածների եւ վիրավորների բոլոր ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական եւ «այլ օգնություն, որի կարիքը նրանք ունեն»։
«Ադրբեջանը ոչ մի օգնության կարիք չունի։ Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք տրամադրել եւ կշարունակենք տրամադրել անհրաժեշտ օգնությունը մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն եւ համապատասխան փոխհատուցում»,- ասել է աղբյուրը Day.Az-ին։
Իր հերթին «РИА Новости»-ն, վկայակոչելով Ադրբեջանի դատախազության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ կառույցի աշխատակիցները Գրոզնիում են, որտեղ ռուս գործընկերների հետ հետաքննություն են անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի գործով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ակտաու ուղարկված աշխատակիցների մեկ այլ խումբ Ղազախստանի գործընկերների հետ շարունակում է անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել վթարի վայրում։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։