Դեպի Լորուտ արդեն բարեկարգ ճանապարհով անցնելուց հետո մտածում ես՝ կյանքն այստեղ ինչ-որ կերպ փոխված պիտի լիներ, մարդիկ էլ՝ ինքնաբավ։ Մոտկորի վեց գյուղերը (Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան) միջպետական մայրուղուն կապող ճանապարհը տասնամյակներ անց նորոգվել է, քաղաք հասնելու եւ հետ դառնալու ժամանակը՝ կրճատվել։ Բայց գյուղի խնդիրները, դժվար առօրյան նույնն են մնացել, դատարկվող տները՝ ավելացել։
Կարեն Սահակյանը իրենց հարեւանությամբ գտնվող տներն է մատնացույց անում՝ ամեն երրորդը դատարկ է։ Ասում է՝ եթե աշխատատեղ, երիտասարդների համար էլ զբաղմունք լիներ, մարդիկ չէին գնա։ Իսկ անասնապահությունը, որը գյուղի հիմնական զբաղմունքն է, վաղուց արդեն շահավետ չէ։ Արտադրանքը մեծ դժվարությամբ են դրամի վերածում։
Սահակյանները անասնապահության գործի մեջ են ամբողջ ընտանիքով։ Տարեցները վաստակած հանգստի են անցել՝ սարի, հնձի ու մյուս անելիքները թողնելով երիտասարդներին։
«Ապրիլի սկզբից մենակ գնում եմ սար, մինչեւ էրեխեքը դպրոցը պրծնում են, փոքրին էլ մանկապարտեզից մի ամիս շուտ վերցնում ենք, տանում։ Մեկ-երկու ամիս էլ աշնանն ենք ուշ գալիս։ Ապրիլի սկզբին գնում ենք, դեկտեմբերին գալիս։ Սարում անասուննները չեն սովածանում: Եթե արածում ա, հետը կաղին, ինչ ասես ուտում ա, կանաչ ա գտնում։ Ու մենակ գիշերն ենք խոտ տալիս, կապում։ Ոնց որ մի ժամվա խոտը հետ գցենք։ Դրա համար ինչքան երկար մնանք սարում, էնքան օգուտ ա»,- պատմում է 39-ամյա Կարենը։
Լորուտցիները երկու սար ունեն՝ Սոթը եւ Վերեւինը։ Դրանք իրարից քիչ են հեռու, իսկ գյուղից՝ 15-16 կիլոմետր։ Վերեւի սարում Սահակյանները քարաշեն տուն ու անասնագոմ են կառուցել, կենցաղային պայմաններ ստեղծել։ Թեեւ հոսանք չկա, բայց չարչարանքն այստեղ է արտադրանք դառնում։ Կաթը սարից մինչեւ գյուղ հասցնեն, կթթվի․ ճանապարհը երկար եւ անբարեկարգ է։ Իսկ կաթ մթերողները սար չեն բարձրանում։
«Պատճառը չգիտեմ, երեւի ճանապարհն է։ Օձունում սարի ճանապարհն ավելի հեռու ա, բայց էնտեղ գնում, հավաքում են: Մենք կաթը միայն պանիր ենք անում ու իրացնում ենք Վանաձորում։ Մի մեքենայով սարից պանիրը գյուղ ենք տեղափոխում, մյուսով էլ տանում քաղաք: Նախօրոք զանգում, իմանում ենք՝ ով ինչքան ա ուզում, չենք կարող գնալ, ժամերով կանգնել, պետք ա շուտ հետ դառնանք, գնանք սար, որ գործից հետ չընկնենք»,- ասում է Կարենը։
Այսպես՝ ամիսը մեկ․ սարից բացակայելու ժամանակ չունեն։ Իսկ եթե ժամանակ եւ օգնող ձեռք ունենան, ասում են՝ ամսական 200-300 հազարից էլ շատ եկամուտ կունենան։ Անգամ դեպի երեւանյան շուկա կգնան։ Վստահ են՝ իրենց արտադրանքը կվաճառվի, չի մնա։ Բայց անասնագլխաքանակն ավելացնելու մասին չեն մտածում, որովհետեւ ֆերմայում արդեն աշխատուժ է պետք, որը գյուղում չկա։
«Չարչարանքը շատ ա: Խոտի խնդիր կա: Խոտհարքների մեծ մասը գյուղում ա, սեզոնին ես սարից իջնում եմ, որ խոտ հնձենք, էդ մի ամիսը էրեխեն ու Թեհմինեն մենակ են լինում: Տեխնիկան ունեմ՝ հնձող, կապող, մենակ եղանակի խնդիրն ա, մեկ էլ, որ տեխնիկան չփչանա: Եղանակի պատճառով էս տարի լրացուցիչ 500 տուկ ենք առել՝ հատը 700 դրամով։ Անձրեւային էր, վախեցանք, որ մինչեւ վերջ չենք կարա հնձենք մեր խոտը, անասունը սոված կմնա»,- անասուն պահելու դժվարություններն է ներկայացնում Կարեն Սահակյանը։
Լորուտում անասնապահությանն այլընտրանք պարզապես չկա, այլապես երիտասարդ ամուսինները՝ Կարենն ու Թեհմինեն, այս գործով չէին զբաղվի։
«Եթե աշխատատեղ լիներ, աշխատավարձով աշխատեինք, ավելի լավ կլիներ: Թե չէ մեր ամեն ինչը Աստծուց ա կախված»,- ասում են։
Իսկ Թեհմինեն ամեն ինչից առավել երեխաների կրթության եւ ապագայի մասին է մտածում։ Հիմա գիտելիքի դար է, ասում է՝ երեխաները պետք է բազմակողմանի կրթություն ստանան։
«Դպրոցի շրջանում մեծ խնդիր ա դառնում մեզ համար: Աշխատում ենք՝ դպրոցականների վրա չազդի մեր հոգսը, բայց մյուս կողմից էլ, եթե էրեխեն չօգնի, չենք հասցնի գործը։ Նպատակս էն ա, որ հանեմ էստեղից էրեխեքին, հասցնեմ ինչ-որ բանի: Եթե գոնե սպորտի, պարի, արվեստի ինչ-որ տեղ լիներ, կզբաղվեին, նոր բան կսովորեին։ Տասնհինգ, տասնչորս եւ հինգ տարեկան են, ոչ մեկի համար զբաղվելու բան չկա»,- նշում է երիտասարդ կինը։
Գյուղի կյանքը միշտ է «չկա»-ներով լի եղել, բայց դրա համար թողնել, հեռանա՞լ․ Կարենի մայրը՝ տիկին Սաթենիկն է զարմացած հարցնում, որ քաղաքում բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո Լոռու, ինչպես ինքն է ասում, «մեկ այլ չքնաղ անկյունից»՝ Այգեհատից հարս է եկել Լորուտ, դասավանդել տեղի դպրոցում, հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնց միջով հիմա իր զավակներն են անցնում։ Բայց, ասում է, ոչ մի վայրկյան չի մտածել գյուղից քաղաք տեղափոխվելու մասին։
«Հիմի էս ջահելներն ասում են՝ քաղաքը լավն ա։ Լավն ա նրանով, որ կարենաս օպերա, համերգ, ցուցահանդես գնաս։ Ջահել էի, Կիրովական անցնում էի փողոցով, աֆիշա էր կպցրած՝ Մաթեւոսյանի «Աշնան արեւ»-ը, էդ նույն օրն էր՝ երեկոյան, բայց հնար չկար, որ քաղաքում մնայի, նայեի: Մինչեւ էսօր ափսոսում եմ: Էդ հնարավորությունը պիտի ունենաս, որ գնաս, զարգանաս, քաղաքի հետ կապը լինի, բայց չգնաս մշտական։ Հողը, որի վրա քո նախորդները, քեզ համար թանկ մարդիկ են ապրել, քայլել, հաստատուն ա, ապահով,- ասում է Սաթենիկ Սահակյանը, ապա եզրափակում,- մարդը պետք է գոհ լինի իր ունեցածից, Թումանյանի խոսքն եմ ասում «Ոսկի քաղաք»-ից»:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։