«Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել Ակտաու քաղաքի մոտ, ենթարկվել է արտաքին ազդեցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիեւը։
«Մամուլը հենց սկզբից գրեց, որ ինքնաթիռին թռչուններ են բախվել։ Այնուամենայնիվ, փորձագետների նախնական եզրակացությունները, որոնք հիմնված են գետնին հայտնաբերված օդանավի բեկորների վերլուծության եւ փրկվածների ցուցմունքների վրա, թույլ են տալիս մեզ գալ այն եզրակացության, որ եղել է արտաքին ազդեցություն»,- ասել է Նաբիեւը` չհստակեցնելով, թե ինչ ազդեցության մասին է խոսքը։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։