Սլովակիան կարող է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային, եթե Կիեւը դադարեցնի ռուսական գազի տարանցումը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրապարակված տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո, երբ կդադարեցվի ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա, Սլովակիայի կառավարությունը «կգնահատի իրավիճակը եւ հնարավոր արձագանքման միջոցները»։ Դիտարկվող միջոցառումներից մեկը էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր դադարեցումն է, «որի կարիքը զգում է Ուկրաինան»։
«Եվրամիությունը մոտ 120 միլիարդ եվրո ավելի կվճարի գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով 2025 եւ 2026 թվականներին։ Մրցունակությունը նորից կնվազի։ Սլովակիան կկորցնի մոտ կես միլիարդ եվրո տարանցման վճարներից, Ուկրաինան կկորցնի գրեթե մեկ միլիարդ եվրո, իսկ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ընդամենը 2,5 միլիարդ եվրո: Մենք նորից հաղթեցինք ռուսներին, այնպես չէ՞»,- ասել է Ֆիցոն տեսաուղերձում։
Սլովակիայի վարչապետը նաեւ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ռուսական գազի տարանցումը դադարեցնելու որոշման համար։ «Ո՞ւմ է հետաքրքրում Սլովակիան, պարոն Զելենսկի, բայց երբ ձմռանը ձեզ ինչ-որ բան է պետք տաքանալու համար, դուք բղավում եք դրա մասին»,- նշել է Ֆիցոն:
Հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի ԵՄ կդադարեցվի։ Դեկտեմբերին Ֆիցոն մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Կրեմլը թեեւ մանրամասներ չէր հայտնել այդ հանդիպումից, սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ քննարկման թեմաների մեջ կարող էր ներառված լինել գազի տարանցման հարցը։
Սլովակիայի վարչապետը ավելի ուշ սոցցանցերում հրապարակած գրառումներում ասել էր, որ Պուտինի հետ իր հանդիպումը պատասխանն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը դեկտեմբերի 19-ին գազի մատակարարումների դադարեցման վերաբերյալ իր անձնական հարցին պատասխանել էր, որ դեմ է Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա գազին տարանցմանը։
Ավելի ուշ Զելենսկին էլ հայտարարեց, որ Ուկրաինան Սլովակիային առաջարկել է փոխհատուցել ռուսական գազի տարանցման դադարեցման պատճառով առաջացած կորուստները եւ մատակարարել ցանկացած գազ, բայց ոչ ռուսականը, սակայն Ֆիցոն հրաժարվել էր դրանից։