Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին դեկտեմբերի 27-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նախնական նշաններ են նկատել, որոնք ցույց են տալիս, որ Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Քիրբիի խոսքերը մեջբերում է Business Insider-ի լրագրող Ջեյք Էփշտեյնը։
Քիրբին ընդգծել է, որ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը շարունակվում է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկել է իր օգնությունը։
Ինչպես նշում է ռուսական РИА Новости գործակալությունը, Քիրբին հրաժարվել է ուղիղ պատասխանելուց այն հարցին, թե ինչ «առաջնային նշաններ» են նկատել Վաշինգտոնում, որոնք վկայում են, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։