Ադրբեջանի իշխանությունները առաջիկա օրերին փոփոխություններ կմտցնեն երկրում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այդ մասին գրում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությանը։
Նա բացատրել է, որ Բաքվի այսպիսի որոշումը կապված է Ռուսաստանում վիզա չունեցող օտարերկրացիների գտնվելու տեւողությանն առնչվող պահանջների խստացմամբ։
Հաջիզադեի խոսքերով՝ Մոսկվայի կողմից կիրառվող նոր կանոնները դիտարկվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ուստի Բաքուն ելնելու է հավասարության եւ փոխադարձության սկզբունքներից։
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ փոփոխություններ են արվելու երկրի տարածքում ՌԴ քաղաքացիների ժամանակավորապես գտնվելու կանոններում։
Ռուսաստանի քաղաքացիները կարող են Ադրբեջան մուտք գործել առանց վիզայի։ Առանց վիզայի ռեժիմով Ադրբեջան ժամանած օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող գերազանցել 90 օրը։
2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնեն նոր փոփոխություններ, որոնց համաձայն՝ վիզա չպահանջող եղանակով երկիր ժամանած օտարերկրացու ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող մեկ օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը։
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Բաքվից Ղազախստանի՝ Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer ինքնաթիռի վթարի համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան տեղյակ է Ադրբեջանից հնչող հայտարարությունների բովանդակությանը, սակայն դեռեւս որեւէ հայտարարություն չի կարող անել, քանի որ հետաքննությունը շարունակվում է։