Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանմանն առնչվող հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի» համար եւ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ կարգացուցակին հստակ հետեւած ադրբեջանական մարդատար օդանավը բազմիցս է փորձել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, եւ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»,- ասվում է Կրեմլի հայտարարության տեքստում։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ճանապարհային տրանսպորտի անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։
Նշվում է նաեւ, որ այժմ «հարցաքննվում են քաղաքացիական եւ ռազմական մասնագետները»։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։
Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։