Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Բաքվի դատարան։ APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ պետական անվտանգության ծառայության համատեղ տեղեկատվության մեջ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը հայտարարել է, որ քրեական հետաքննությունը անցկացրել է «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի եւ նրա ժողովրդի, խաղաղության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների եւ բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով»։
Հայտարարության մեջ նշվում է, որ «նախաքննության ընթացքում ապահովվել են մեղադրյալին պաշտպանելու իրավունքը, նրա տիրապետած լեզվի օգտագործումը, դատավարական այլ իրավունքներ։ Մեղադրյալին տրամադրվել են իր ընտրությամբ փաստաբաններ, իսկ նրա եւ փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունները քննարկվել են քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան, եւ կայացվել են համապատասխան որոշումներ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ է առաջադրել: Փաստաբանների պնդմամբ` այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրանք նաեւ հայտարարել էին, որ նոր մեղադրանքների «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են ե՛ւ Ռուբեն Վարդանյանից, ե՛ւ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, որ այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:
Օրեր առաջ էլ Վարդանյան ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերն էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտնել, որ Ալիեւի վարչակազմը հետեւողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։
Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել էր Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։
Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։