Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից նախագահի պաշտոնում ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ Օրբելիանի պալատի մոտ հավաքված հանրությանը դիմել է հայտարարությամբ։
Նա նշեց, որ հեռանում է Օրբելիանիի պալատից, թեեւ իրեն դեռ համարում է միակ լեգիտիմ նախագահը։
«Այնտեղ դատարկություն է, իսկ այստեղ՝ հասարակությունը, այնտեղ փակ է, իսկ դրսում մենք ենք, որովհետեւ մենք ոչնչից չենք վախենում: Ուզում եմ ձեզ հաշվետվություն տալ, որ 6 տարի առաջ ես հավատարմության երդում տվեցի Սահմանադրությունը եւ ձեզ, եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել։
Ես դուրս կգամ այստեղից, դուրս կգամ եւ կլինեմ ձեզ հետ: Ես ինձ հետ տանում եմ լեգիտիմությունը, դրոշն եմ տանում, ձեր վստահությունն եմ տանում, եւ մենք պետք է այս պալատը վերադարձնենք Օրբելիանիներին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին եւ հիշեցրել նաեւ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին տրված վերջնաժամկետը: Սալոմե Զուրաբիշվիլին Իվանիշվիլիին կոչ է արել իր հետ բանակցել մինչեւ դեկտեմբերի 29-ը։
Տաթեւ Խոցանյան